Նույնիսկ անհարմար եմ զգում անդրադառնալ աղբահանության թեմային ու դրա հետ կապված վարչապետ-քաղաքապետ դուետի վերջերս կայացած ֆեյսբուքյան ելույթին։ Այն պարզ պատճառով, որ այդ թեման չպետք է մեր կյանքում լինի այնքան կարևոր, որ մայրաքաղաքի մասին պատկերացում կազմեն փողոցների հակասանիտարական վիճակից, չպետք է 2800 տարեկան մայրաքաղաքի քաղաքապետի աշխատանքի գնահատականը տրվի աղբահանության մասին պատկերով, երբ կա կայուն ու երաշխավորված աղբ թափող, կա աղբ ու գումար՝ այն հավաքելու համար, մնում է ընտրել, թե ինչպես այն կազմակերպել։ Նախկիններն ընտրել են միջազգային օպերատոր, դուք ընտրեք, ինչ ուզում եք, միայն թե կատարեք ձեր պարտականությունը։ Եվ վերջապես, այդ թեման չպետք է բարձրանար Փաշինյանի հրապարակային միջամտության մակարդակի, ու դրանով իսկ ի ցույց դրվեր վարչապետի ու քաղաքապետի, նաև ողջ կառավարության ու Երևանի քաղաքապետարանի անճարակությունը։

Հարցի համացանցային այդ մակարդակի պարզաբանման, ավելի ճիշտ՝ միակողմանի արդարացման, լուծումների բացակայության պարագայում արդյունքը եղավ այն, որ վարչապետ-քաղաքապետ հայտնի ելույթից շուրջ քսան օր անց վիճակը ոչ միայն չի կարգավորվել, այլ «Սանիթեքը» օրերով չի մաքրում Երևանի փողոցներն աղբից ու մի բան էլ հայտարարում է, որ վիճակն ավելի է վատանալու, և դրանում մեղադրում քաղաքապետարանին, իսկ երբ քաղաքապետը գործում է վարչապետի բարձր հովանու ներքո, այդ մեղադրանքը հասցեագրվում է նաև վարչապետին։

Փորձենք բարձրաձայն խորհել․

- Եթե մեր իշխանություններին այլևս պարզ է, որ միջազգային օպերատոր «Սանիթեքը» լկտի կերպով չի կատարում իր պարտականությունները, ապա այս մեկ տարին բավարար էր վարչական լծակներով նրան կարգի բերելու համար, կամ խզելու պայմանագիրն ու դրան զուգահեռ նոր օպերատորի կամ օպերատորների հարցը լուծած լինելու։

- Եթե ասում ես, որ քաղաքապետարանը ձեռք է բերում մեքենաներ ու աղբամաններ ու նաև արդեն ստեղծել է համապատասխան կազմակերպություն, որպեսզի այդ հարցերը համակարգված լուծի, կնշանակի՝ սա ենթադրում է, որ գնալու եք այս կառույցն ընդլայնելու ուղղությամբ ու հետագայում հրաժարվելու եք միջազգային օպերատորից։ Քանի որ հասկանալի չէ, որ եթե ուզում ես օպերատորին կարգի բերել կամ էլ նոր օպերատոր ներգրավել, ու եթե այդ ժամանակ հարցերը նորմալանան, ի՞նչ ես անելու ստեղծված կազմակերպության ու նրա գույքի հետ, երբ դա ընդլայնելու տարբերակի մասին ես խոսում։ Ու այդ կառույցի ֆինանսները հոգում ես «Սանիթեքին» նման չափով տուգանելու ճանապարհով։ Իսկ եթե «Սանիթեքը» մի հրաշքով սկսի լավ աշխատել ու չկարողանաս տուգանել, նորաստեղծ կազմակերպությունդ ի՞նչ է անելու։ Եվ զարմանում ես, որ «Սանիթեքը», համաձայն պայմանագրի, դեռ ունի 8 տարի գործելու ժամանակ, պատրաստ էր 4 միլիոն դոլար ներդրում անելու, սակայն հիմա չի շտապում անել դա, քանի որ տարին տարու վրա նրա ծավալները պակասելու են, գումարները՝ նվազելու, քանի որ քաղաքապետարանը նրա հաշվին այլընտրանք է ստեղծում։ 

- Խոսում են, որ այլ ոլորտներում այդ խնդիրները լուծված են, ու իշխանափոխությունից հետո ոչ մի խզում չի եղել։ Այդ դեպքում ինչպե՞ս ես նախկիններին մեղադրում, որ նրանք կասկածելի գործարքի են գնացել «Սանիթեքի» հարցում, երբ նույն նախկինները այլ ոլորտներում նույնպես դիմել են միջազգային օպերատորներին ու դրսի ներդրումների ու կառույցների միջոցով լուծել շատ խնդիրներ, երբ մասնավորապես գազամատակարարման ու էլեկտրամատակարարման հարցում գոյություն ունեն բնական մենաշնորհներ։ Ստացվում է, որ նախկին բոլոր պայմանավորվածությունները գործում են բոլոր ուղղություններով, միայն մայրաքաղաքում է ձախողվել։ Ու անլուրջ է, որ Նիկոլ Փաշինյանն օր-օրի իր նվազող վարկանիշի պարագայում փորձում է փրկել իր թերևս ամենաանհաջող կադրային ընտրությունը։

Աշխարհի մերձավոր ու հեռավոր շատ երկրների մայրաքաղաքների ղեկավարներ այն աստիճանի լուրջ դեմքեր էին, որ մայրաքաղաքի կառավարման հսկայական փորձի շնորհիվ միանգամայն հասկանալիորեն ընտրվում էին երկրի ղեկավարներ, մասնավորապես՝ Ժակ Շիրակ, Մահմուդ Ահմանիդեջադ, Միխեիլ Սահակաշվիլի, այն դեպքում, երբ թե՛ Ֆրանսիայի, թե՛ Իրանի ու թե՛ Վրաստանի պարագայում իրենց մայրաքաղաքների կշիռն իրենց երկրներում ավելի փոքր է, քան Երևանի կշիռը ՀՀ-ում, ուստի այդ պաշտոնին չպետք է այս աստիճանի անլուրջ վերաբերվել, ժողովրդի վստահությունը մսխել ու մի անճարակ, անփորձ ծաղրածուի Երևանի քաղաքապետ կարգել, արդյունքում անելանելի վիճակի առաջ կանգնել՝ քաղաքապետին փոխեն, որ ո՞վ փոխարինի, քաղաքապետին թողնեն, որ ի՞նչ անի։
Այ, դրա համար են անցել հայտնի արտահայտության ցինիկ փուլին, ոչ թե․ «Եկել ենք՝ ասենք, որ մեզ վրա հույս չդնեք», այլ․ «Եկել ենք՝ ասենք, որ շնորհակալ ենք, որ մեզ վրա հույս չեք դնում»։ Իսկ մեզ մնում է ասել․ «Բա եկել եք, բարձր աթոռներին «վեր թափել», որ ի՞նչ անեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել