Լինում են, չեն լինում՝ երեք օլիգարխ խոզուկներ՝ Սաս-Սասը, Լիֆ-Լիֆը և Նեմ-Նեմը: Սաս-Սասը, Լիֆ-Լիֆը չարաճճի են լինում, իսկ Նեմ-նեմը՝ բութ և շատակեր: Նրանք ապրում էին անտառից քիչ հեռու՝ կանաչ մի մարգագետնի վրա: Ամբողջ ամառ խաղում էին ու ոչ մի հոգս չունեին. ուտելիքն առատ էր, իսկ եղանակը՝ տաք:
Բայց մոտենում էին Անտառի ժողովի ընտրությունները, իսկ խոզուկները շատ էին ցանկանում պատգամավոր դառնալ: Ընտրություններից առաջ նրանց պետք է այցելեր չար Լրագրողը ու պետք է սուր հարցեր տար: Խոզուկներից և ոչ մեկը գրել -կարդալ չգիտեր, իսկ այդ գիտելիքներով լրագրողի հարցերին պատասխանելն ու չխայտառակվելն անհնար էր: Ուստի պետք էր պաշտպանվել լրագրողից ու տուն կառուցել:
Նեմ-նեմը բոլորից շատ էր վախենում լրագրողից, քանի որ ոչ հարցերին էր ուզում պատասխաներ, ոչ էլ լրագրողի առաջարկով մրցակցի հետ բանավեճի բռնվել: Ուստի որոշում է քարե տուն կառուցել: Ձեռք է բերում աղյուսներն ու գործի անցնում: Իսկ մյուս խոզուկները ծաղրում էին նրան, որ խաղը թողած ընկել է տուն կառուցելով:
-Փոխանակ մեզ հետ զվարճանալու, քար ես կրում,- ասում էին Լիֆ-Լիֆն ու Սաս-Սասը,-կհասցնես դեռ, լրագրողը հեռու է:
Բայց երբ ընտրարշավը սկսվեց Լիֆ-Լիֆն ու Սաս-Սասն էլ խառնվեցին իրար ու նույնպես մտածեցին լրագրողից պաշտպանվելու մասին:
Սաս-Սասը կառուցելու խնդիր չուներ և հարմար տեղավորվեց իր ծղոտե վարսավիրանոցում, որը իրեն դեռևս իր ավագ եղբայրն էր թողել։ Սաս-Սասը շատ յամանն էր, ամեն ինչից ուներ բոլ-բոլ, բայց միևնույն ժամանակ այնքան ձեռնփակ էր, որ ափսոսում էր իր ծղոտե վարսավիրանոցի փոխորեն գոնե քարից վարսավիրանոց կառուցեր։ Փոխարենը, Սաս-Սասը շատ էր ընկճվում իր եղբոր շվաքից ու ամեն հարմար ու անհարմառ առիթով փորձում էր ընդգծել իր կարևորությունը։
Ու այսպես Սաս-Սասը մի օր ֆենում էր իր մարգագետնի ընտրողների մազերը (մազ ֆենելը նրա քարոզչական ծրագրի առաննցքային կետն էր) երբ դուռը թակում է չար Լրագրողը։
-Ինձ ներս չե՞ս թողնի, խոզո՛ւկ,- հարցրեց լրագրողը
Խոզուկը վախից ոչինչ չպատասխանեց, միայն ավելի ամուր սեղմեց տան դուռը և ֆենն անջատեց:
-Գիտեմ ներսում ես Սաս-Սաս, լավ կլինի դուռը բացես, հակառակ դեմքում վատ հոդված կգրեմ քո մասին և տունդ կքանդվի:
-Վաաաայ, այդ դեպքում համեցեք, բարով եկաք, - խառնվեց Սաս – Սասը,-ուզո՞ւմ եք Ձեր մազերը ֆենեմ:
-Չէ, ավելի լավ է դուք իմ հարցերին պատասխանեք։ Դուք ուզում եք ընտրվել, բայց լավ գիտեք, որ բիզնես ունենալ չի կարելի: Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք անտառում գործող Սաս-Սաս կոմբիկերի վաճառակետերի առկայությունը։
-Ըըըըըը… թույլ տվեք ֆենեմ ձեր մազերը…
-Լավ, էս մեկը մի կողմ։ Բացատրեք խնդրեմ, մի կոմպլեքսավորված խոզուկի ինչի՞ն է պետք պահապան տուզիկների մի ամբողջ բանակ։ Միթե դուք տեղյակ չե՞ք, որ այլևս օրենքով է կանոնակարգված պահապան տուզիկների քանակը։
-Բայց բերեք ձեր մազերը ֆենեմ էլի, անվճար է լրիվ…
-Դուք հիմա չպատասխանեցիք իմ հարցերին, իսկ Ձեր կաշառք առաջարկելու փորձը ևս ձայնագրվեց իմ ձայնագրիչի վրա։ Կարճ ասած, դուք թքեցիք փայտիկին ու ես հիմա ձեր վրա շատ վատ հոդված կգրեմ:
-Ոոոոոոոոչ, - ճչաց Սաս-Սասը ու դուրս փախավ ծղոտե վարսավիրանոցից և վազեց դեպի Լիֆ-Լիֆի տունը։
Լիֆ-Լիֆը հարմար տեղավորվել էր կարմիր փայտից սարքած տնակում (իրականում տնակը ֆալշ կարմիր փայտ էր՝ ДСП-ից էր), իսկ վերջերս քթի օպերացիայից հետո իրեն հանճարեղ մտքեր էին այցելում զարմանալի հաճախականությամբ։ Օրինակ, բոլորովին վերջերս նա բացահայտել էր, որ անիվը լինում է կլոր, իսկ ատրճանակը նաև լինում է նաև Vertu: Մյուս հանճարեղ հայտնագործությունը եղել էր այն, որ իմաստ չկա Լուս Աստղ սպիրտը ֆալշել, որովհետև մեկ է իրենն է…
Ու այսպես Լիֆ-Լիֆը նոր հանճարեղ միտքն էր պատրաստում երկնել, երբ շնչահեղձ լինելով նրա տուն ներխուժեց Սաս-Սասը։
-Լիֆ-Լիֆ, լրագրողը գալիս է ու վատ հարցեր է տալու, եթե չպատասխանես վատ հոդված կգրի, պաշտպանվելն անիմաստ է:
Չէր հասցրել Լիֆ-Լիֆի քիթը մշակել այս տեղեկությունների տարափը, երբ ներս մտավ լրագրողը.
- Բարև Լիֆ-Լիֆ, ես գիտեմ որ Սաս-Սասը քեզ մոտ է թաքնվում, բայց եթե դու կարողանաս հարցերիս պատասխանել, ապա նրան էլ ձեռք չեմ տա, քեզ էլ կպատվեմ։ -Տվեք ՁԵր հարցերը,-խեղճացած ասաց Լիֆ-Լիֆը
-Լիֆ-Լիֆ, ասենք թե հավատացինք, թե դու քյասիբ շուն ես ու ողջ ունեցվածքիդ տերը կինդ է, բայց դու չամաչեցի՞ր հաշվեհամար բացեցիր ու ժողովրդից փող ուզեցիր։
-Ըըըըըը… ես…. Ըըըըըը… Ուզու՞մ եք Սաս-Սասին ասեմ ձեր մազերը ձրի ֆենի։
-Լիֆ-լիֆ, բա դու գետինը չե՞ս մտնում մի քառասուն կին ես վարձում, որ քո մրցակիցների դիմաց գոռան Լիֆ-Լիֆ, Լիֆ-Լիֆ ու հայտարարեն, որ դու ամենապուպուշ խոզն ես աշխարհի։
-Ըըըըը… ա դե Լրագրող ջան… քթիս ծերինա պատասխանը… բեր թող մազերդ ֆենի, մինչև քիթս լավ աշխատի…
-Չէ Լիֆ-Լիֆ, քո մասին էլ եմ վատ հոդված գրելու, ֆենի մասնագետիդ մասին էլ:
-Չհասցրեց լրագրողը խոսքն ավարտել, մեկ էլ սա ու Սաս-Սասը դուրս ճողոպրեցին տնից ու վազեցին իրենց կրտսեր ընկերոջ՝ Նեմ-Նեմի մոտ։
Նեմ-Նեմի տունը քարե քառակուսի շինություն էր, որովհետև այն նախագծելիս Նեմ-Նեմը աշխատել էր, որ այն մաքսիմալ նման լինի իր գլխին՝ թե´ քառակուսի ձևով, թե´ ամրությամբ։ Նեմ-Նեմը շատ պինդ ու հումորչի տղա էր, գրեթե թուլություն չուներ։ Նրա միակ թուլությունը իր ախպեր-ընկեր Լիֆ-Լիֆն էր, հանուն որի նա զոհեց իր վերջին 50000 կաղինը և դեռ մի բան էլ Լիֆ-Լիֆի հորդորներին ընդառաջ գնաց ու չուզենալով որոշեց ինքն էլ մասնակցի ընտրություններին։ Միակ խանգարող հանգամանքը իր գորՁերն էին, այն էլ բիզնեսները գրանցեց իր խոճկորի անունով։
Նեմ-Նեմը իր համար ֆուտբոլ էր նայում, երբ շնչակտուր լինելով նրան մոտեցան Լիֆ-Լիֆը և Սաս-Սասը։
-Փրկիր մեզ, Նեմ-Նեմ, Լրագրղը ուզում է երկուսիս մասին վատ հոդված գրել, իսկ դու մեր վերջին հույսն ես, - լաց եղան օլիգարխ խոզուկներն ու միանգամից փախան մտան Նեմ-Նեմի քարե տունը։
Նեմ-Նեմը դեռ չէր հասցրել վերլուծել այս նախադասության առաջին մասը, երբ խորամանկ ժպիտով նրա տանը մոտեցավ չար Լրագրողը.
-Նեմ-Նեմ, հարցերիս պատասխանեցիր՝ ոչ քեզ ձեռք կտամ, ոչ էլ Լիֆ-Լիֆին ու Սաս-Սասին, բայց եթե չպատասխանեցիր՝ երեքիդ էլ քաղաքական դիակ կսարքեմ:
Նեմ-Նեմը վախենալու բան չուներ, դուռն ամուր էր, տունն էլ քարից ու լրագրողին ներս չթողեց:
Լրագրողը որոշեց ծխնելուզից թաքուն ներս սողոսկել: Մի կերպ բարձրացավ տան տանիքն ու ծխնելույզից մտավ Նեմ-Նեմի տուն:
Նեմ-Նեմը խառնվեց իրար, բայց իրեն տղամարդավարի պահեց և որոշեց հարցերին պատասխանել:
-Ասա Նեմ-Նեմ, ինչո՞ւ խոսքիդ տերը չես լինում. ասում ես ընտրությունների չես մասնակցի՝ մասնակցում ես, ասում ես կբանավիճես՝ չես բանավիճում։
-Հանրապետական կուսակցություն հումորով իհարկե տրամաչափ սուր հարցեր ներողություն կուսակցություն։
- Ի՞նչ։ Նեմ-Նեմ, էս ի՞նչ ես խոսում, բան չհասկացա։
-Հա… այո, ուրեմն ես միշտ ընտրող հարգել ժողվուրդ տղամարդ երազած հումոր հանրապետական կուսակցություն։
-Այ տղա, դու խելցաի մի բան կարող ե՞ս ասել, - ափերից դուրս եկավ լրագրողը։
-Ֆիզիկա, խաչակրած արշավանքներ, պայծառ Հայաստան, շնորհակալություն ներողություն…
-Աաաաաաաաա, Նեմ-Նեմ, ՔՈ ԱՍԱԾԻՑ ԴՈՒ ԲԱ՞Ն ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ, - կատաղած բղավեց Լրագրողը։
-Այո, ուրեմն կուսկցություն ժողովուրդ ճանկռել կին ներողություն իհարկե պայծառ Հայաստան ֆուտբոլ տղա։
Այս խելոք մտքերի տարափին լրագրողի ձայնագրիչը չդիմացավ ու պայթեց, իսկ լրագրողը նույն ճակատագրից խուսափելու համար բղավեց ու դիմեց փախուստի:
Ցնծում էին Լիֆ-Լիֆն ու Սաս-Սասը, գրկախառնվեցին իրենց փրկչի հետ, համբուրեցին նրա քառակուսի գլուխն ու գովաբանեցին:
Խոզուկներից միայն Նեմ-Նեմն էր շփոթված, քանի որ նոր-նոր էր վերջացրել Լիֆ-Լիֆի ասած նախադասության միջնամասի վերլուծությունը...