168.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը շրջանառության մեջ է դրել փոստային նամականիշեր՝ նվիրված երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնին: Այդ մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է The Independent թերթը։

Ջոնը երկրորդ երաժիշտն է Միացյալ Թագավորության պատմության մեջ, որի նկարը հայտնվել է նամականիշերի վրա: Առաջինը դարձել է բրիտանացի մեկ այլ ռոք կատարող՝ Դեւիդ Բոուին: «Ասել, թե ես զարմացա էի, երբ Թագավորական փոստն այդ մասին ինձ հայտնեց, նշանակում է ոչինչ չասել: Երբեք չեմ մտածել, որ ինձ կտեսնեմ փոստային նամականիշի վրա: Դա մեծ պատիվ է»,- The Independent-ը մեջբերում է 72-ամյա երգչի խոսքը:

12 նամականիշից ութի վրա պատկերված են Ջոնի ամենահաջողված ալբոմների շապիկները, ներառյալ Honky Chateau-ն որում տեղ է գտել Rocket Man կոմպոզիցիան: Մյուս չորսի վրա նրա առավել հայտնի համերգների ֆոտոլուսանկարներն են, որոնց թվում են՝ 1975 թվականին Լոս Անջելեսի մարզադաշտում եւ 2012 թվականին Բուքինգհեմյան պալատում ունեցած ելույթները:

«Էլթոնը բրիտանացի ամենահաջողակ երաժիշտներից մեկն է ողջ պատմության ընթացքում: Մեր նամականիշերը նվիրված են…այն հսկայական ավանդին, որը նա ներդրել է երաժշտության զարգացման բնագավառում»,-նշել է Թագավորական փոստի մամուլի քարտուղար Ֆիլիպ Փարքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել