Այսօր ՀՀ առողջապահության նախարարի բենեֆիսն էր։
Տեղի ունեցած միջադեպից զատ՝ իր մասնագիտական անհաջողությունները կոծկելու եւ ինքնահաստատվելու նպատակով վերջինս ներողամտություն հայցելու փոխարեն փորձում է վարկաբեկել վաստակավոր մասնագետների, այդ թվում՝ Արմեն Մուրադյանին, ով իր տեղն ու դերը հանրության մեջ զբաղեցրել է բազմամյա գործունեության միջոցով՝ իր արժանիքներով եւ ազնիվ մարդկային կերպարով հանդերձ։ Ընդհանրապես, փորձառու եւ հարգարժան մասնագետների մեկուսացումն առողջապահության համակարգից դառնում է վտանգավոր օրինաչափություն։
Արդյունքում ի՞նչ է պարզվում. ըստ գործող ՀՀ առողջապահության նախարարի՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնադրման եւ գործունեության համար հատկացված գումարն անիմաստ ծախս է, քանի որ «... 50 հոգի եղել են հաշմանդամ, 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ...»։
Եվ սա մեր երկրի առողջապահության նախարարի մտահորիզոնն ու արժեհամակարգն է, երկրի, որը դեռեւս գտնվում է պատերազմական իրավիճակում!
Այս մարդը ոչ թե առողջապահության նախարար, այլ համակարգում անգամ բուժեղբայր աշխատելու իրավունք չունի։
Հրաժարականը նվազագույնն է, ինչ կարող է անել Արսեն Թորոսյանը, եթե ունի մի փոքր արժանապատվություն։
Իսկ Ապրիլյան պատերազմի մեր վիրավոր հերոսներից եւս մեկ անգամ շնորհակալ եմ իրենց ոգու արիության, իրենց անձնվիրության համար եւ ուզում եմ ճշգրտել՝ ոչ թե «50 հոգի», այլ 50 Հերոս, ում վերականգնման նպատակով հատկացված ցանկացած գումար, միեւնույն է, քիչ է։
Հ.Գ. Քաղաքական իշխանության թիմի պետականամետ եւ հայրենասեր անձանց խնդրում եմ սկսել պետական համակարգի ֆիլտրումը նման գաղափարակիրներից։