«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ուսումնասիրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան լայվը։ Նախարարը մեկնաբանում էր իր շուրջ ծավալվող սկանդալները։ Լայվի ընթացքում Արսեն Թորոսյանը, նախկին կամ ներկա աշխատակիցների հետ ունեցած անձնական խնդիրները բարձրաձայնելուց զատ, անդրադարձ կատարեց նաև «Ժողովուրդ» օրաթերթին։
Նախարարը լրատվականին մեղադրում է իր դեմ արշավ սկսելու և պատվերով հոդվածներ հրապարակելու մեջ. «Այս ամեն ինչը սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ, երբ մենք ցանկանում էինք Երևանի պետական բժշկական համալսարանի կազմը փոխել՝ այնտեղից հանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին և նշանակելով նոր մարդկանց։ Այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ հիմնականում «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով, որը, փաստացի, դարձել էր ԵՊԲՀ-ի ռեկտորի խոսափողը՝ վատ իմաստով»,- լայվի ընթացքում նշել է նախարարը։
Արսեն Թորոսյանն անհիմն մեղադրում է լրատվականին և որևէ կերպ չի փաստարկում իր խոսքերը։ Լրատվականը կատարել է իր գործը և եթե, ինչպես նախարարն է նշում, լրատվամիջոցում տեղ են գտել անհիմն շահարկումներ, ապա ինչո՞ւ չկան դատական հայցեր։ Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը անձի պատվին և արժանապատվությանը հասցված վնասների մասով համապատասխան հոդվածներ է պարունակում։
Գուցե Արսեն Թորոսյանը չի տիրապետում իրավիճակին և իրեն սխալ են զեկուցում հոդվածների բովանդակությունը, բայց լրատվականին անհիմն մեղադրելն անընդունելի է։ Սա խոսքի ազատության դեմ անընդունելի քայլ է և ևս մեկ ապացույց, թե ինչու է Արսեն Թորոսյանի դրական իմիջը լրատվական դաշտում արագ «մսխվում» (տե՛ս «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մշտադիտարկումները)։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը, պատրաստ է աջակցել լրատվականին ներպետական և միջպետական բոլոր հնարավոր իրավական միջոցներով՝ լրատվականի իմիջին և արժանապատվությանը հասցված վնասի վերականգնման համար։
Քաղաքական գործիչներին, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանին, հորդորում ենք անձնական խնդիրների պատճառով չանցնել կարմիր գծեր և անօրինական և վիրավորական միջոցներով չխոչընդոտել խոսքի ազատության իրացմանը։