Չսպասելով քաղաքական թեժ աշնանը՝ ամառն էլ բավական թեժ ստացվեց․ լարված իրավիճակ ողջ երկրում ու ամեն հարցում՝ լինի դա Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսար, թե ապօրինի անտառահատում։ Տրամաբանական հարց է ծագում․ չէ՞ որ այդ խնդիրները գալիս են դեռ նախորդ իշխանություններից, ինչո՞ւ այն ժամանակ հարցերն այսքան սուր չէին դրվում, ինչպես ընդունված է ասել կեսկատակ, բա ինչի՞ Սերժի ժամանակ չէիք խոսում։ Բայց այս տրամաբանական հարցին կա նաև տրամաբանական պատասխան․ նախկինում հասարակությունը զանազանում էր իրարից իշխանությունների օբյեկտիվ ու սուբյեկտիվ սխալները, ըմբռնումով էր մոտենում մի շարք հարցերի, քանի որ գիտակցում էր, որ ով էլ լինի իշխանությունը, այդ հարցերն ավելի լավ չի լուծի՝ հաշվի առնելով մեր երկրի փոքր լինելը, օգտակար հանածոներով հարուստ չլինելը, կոմունիկացիոն դժվարությունները, չավարտված պատերազմը, արևելյան և արևմտյան ուղղություններով փակ սահմանները և այլն։

Միաժամանակ կային բազում սուբյեկտիվ սխալներ, ինչի դեմ ժողովուրդը պայքարում էր, իր իրավունքների համար փողոց դուրս գալիս, ընտրությունների ժամանակ փորձում «դեմ» ձայներով ազատվել իշխանությունից, թեպետ դա այդպես էլ չէր ստացվում։ Բայց այս անգամ այլ էր․ անպատասխանատու քաղաքական ուժն իր չափազանց պոպուլիստ լիդերի առաջնորդությամբ անգամ օբյեկտիվ սխալներն ու թերացումները վերագրեց իշխանություններին, հասարակության նուրբ թելերի վրա խաղալով ու մեծ խոստումներով վերցրեց իշխանությունը։ Բայց, ինչպես տեսնում ենք, իրենց մոտ ոչինչ չի ստացվում, երբ արդեն իշխանության են շուրջ մեկուկես տարի։ 
Չես կարող, լինելով ընդդիմություն, դեմ խոսել Ամուլսար հանքի շահագործմանը, դառնաս իշխանություն, փակես այն, հիմա էլ բացելու համար պատճառաբանես, թե պրոբլեմը նախկինների ժամանակվանից է գալիս։ Արել ես հեղափոխություն, մերժել ես նախկին իշխանությանը, անգամ հայտարարել, որ Նոր Հայաստան ես կերտում, այդ դեպքում ինչն ուզում ես, մերժիր ու մի շարունակիր, իսկ եթե դա քո որոշումն է, ապա մեղավոր մի փնտրիր քեզ արդարացնելու համար, այլ որոշման պատասխանատվությունը քեզ վրա վերցրու։ Ահա սա է պահանջում հասարակությունը։ Ի՞նչ է, ժողովուրդը չի՞ գիտակցում, որ փողոց փակելով հարցեր չեն լուծվելու, մանավանդ երբ տեսավ, թե ինչ արդյունք տվեց հիմա։ Բայց փողոց են փակում, որպեսզի դրանով իրենց դժգոհությունը հայտնեն նոր իշխանություններին, որ ձեր դեմ էլ կարող են պայքարել ձեր մեթոդներով։ Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի զսպել հասարակության կրքերը, թե սա ձեր իշխանությունն է, ո՞ւմ դեմ եք բողոքում, գնալով այս պարզունակ բացատրությունն ավելի զավեշտալի է ընկալվում։ 

Ի դեպ, մեր վարչապետն այս հարցում օրիգինալ չէ։ Ժամանակին, երբ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ հաղթեց իրաքյան պատերազմում, արդյունքում կախաղան հանեցին Իրաքի երբեմնի դիկտատոր Սադամ Հուսեյնին, ժողովրդին ոգևորված ներկայացրին, թե այժմ դուք եք տերը ձեր երկրի, դուք եք որոշելու ինչպես զարգացնել Իրաքը, ինչ իշխանություն ընտրել, մի խոսքով՝ կարող եք «համտեսել» արևմտյան ժողովրդավարության «համեղ» պատառները։ Այնքան համոզեցին թերահավատ իրաքցիներին, որ երբ նրանք վերջապես համոզվեցին, դրանից հետո փողոց դուրս եկան ու ամերիկացիներին ասացին, թե՝ եթե մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք որոշելու մեր երկրի ճակատագիրը, ուրեմն՝ վեր կացեք ու «ռադներդ քաշեք» մեր երկրից։ Ամերիկացիք շոկի մեջ էին․ սա ի՞նչ ապերախտություն է, եթե մենք ենք բերել ազատությունը, մեզ ինչպե՞ս եք վռնդում, չհաշտվելով այն մտքի հետ, որ իրաքցիներն էլ կարող են վարվել ճիշտ նույն սկզբունքով՝ ամերիկացիների դեմ պայքարել իրենց կարգախոսներով, որ՝ քանի՞ գրոշ արժե ինձ բերած քո ժողովրդավարությունը, երբ ես պահանջում եմ՝ դուրս բերել ԱՄՆ զորքերը, ու եթե դա տեղի չի ունենում, կնշանակի նրանք օկուպանտ են։ 

Այ այսպես էլ մեր երկրում է․ եթե հավատանք, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ է եղել ժողովրդի հետ ու իր մղումներում, ուրեմն՝ պետք է հասկանա, որ եթե ինքը չկարողանա երկիրը դնել զարգացման հունի մեջ, ապա մերժելու են իրեն ավելի կատաղի ձևով, քանի որ ինքն է այս գերագնահատված սպասումներն առաջացրել, բնականաբար, հիասթափությունը նրանից ավելի մեծ է լինելու։ 

Եվ վերջապես, իշխանությունների երկակի ստանդարտները վաղուց բացահայտված են, նրա կառավարելի ժողովրդավարությունն՝ այլևս մերժված, մնում է՝ հակամարտող կողմերը սթափ գնահատեն իրավիճակն ու պատրաստ լինեն թեժ աշնանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել