Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Ինֆոքոմ» տեղեկատվական հարթակի հետաքննությունը պարզել էր, որ Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի և Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապ կա, նրանք հորեղբոր որդիներ են:

Tert.am-ի հետ զրույցում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը հայտարարել էր, որ, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի, այսպիսի ազգակցական կապը, երրորդ կապի ազգակցական կապը, վարույթին մասնակցությունը բացառող հանգամանք է. «Մարդը ողջամտորեն կարող էր իմանալ, որ իր ազգակիցը կարող է լինել այս գործով անցնող անձ: Ինքն իրավունք չուներ ստանձնելու այս գործի քննությունը, պարտավոր էր իր ղեկավարությանը զեկուցել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել