Hraparak.am-ը գրում է․

Երեկ մենք նյութ էինք հրապարակել այն մասին, որ ԵՊՀ-ում լարված մթնոլորտ է։ Հատկապես լարվել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի եւ ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանի հարաբերությունները։

Մեզ ասացին, որ Գևորգյանը լծվել է արհմիությունը թուլացնելու, կազմաքանդելու գործին, որ հետագայում, երբ սկսի օպտիմալացումը, խոչընդոտներ չլինեն, քանի որ ցանկացած մեկին աշխատանքից ազատելու համար հարկավոր է արհմիության համաձայնությունը, ինչն Արմեն Ավետիսյանը կարող է չտալ։ Օրինակ՝ վերջերս Գեղամ Գեւորգյանը մոտ 30 աշխատակցի ներկայացրել է հեռացման, սակայն Ավետիսյանը թույլ չի տվել։ Գեւորգյանը ջանում է լուծել ռեկտորի եւ արհմիության միջեւ կոլեկտիվ պայմանագիրը, ինչը սրել է լարվածությունը։ Ռեկտորի ԺՊ-ն նաև ցանկանում է այնպես անել, որ արհմիության անդամներն իրենց անդամավճարների դիմումները գրեն ուղիղ իրեն, ոչ թե արհմիության ղեկավարին։ Այս թեմայով զրուցել ենք Արմեն Ավետիսյանի հետ, որը մանրամասն ներկայացրել է խնդիրը։ Իսկ երբ զանգահարեցինք Գեղամ Գեւորգյանին՝ նրա տեսակետը ևս իմանալու, նա հրաժարվեց անմիջապես պատասխանել մեր հարցերին՝ առաջարկելով դիմել լրատվական վարչությանը։ Այստեղից էլ ասացին, թե մեր հարցերին կպատասխանեն հաջորդ օրը։ Երեկ մենք ստացանք ԵՊՀ ռեկտորի պատասխանները կոլեկտիվ պայմանագիրը խզելու, վերոնշյալ 29 հաստիքի կրճատման և դիմումները իրեն գրելու վերաբերյալ։

Առաջին մասով ռեկտորը փոխանցել է, որ կոլեկտիվ պայմանագիրը ԵՊՀ-ի կողմից խզվել է 8.6 կետի համաձայն․ «Կոլեկտիվ պայմանագրի լուծումը կատարվում է կողմերից յուրաքանչյուրի կողմից՝ այդ մասին գրավոր նախազգուշացնելով մյուս կողմին ոչ ուշ, քան երեք ամիս առաջ»: «Սրանով սահմանափակում ենք արհմիության թեմայով հանրային քննարկումը»,-նշված է Գևորգյանի պատասխանում։

Հաստիքների կրճատման մասով էլ ասել է, թե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում որոշ հաստիքներ կրճատվել են։ 
«ԵՊՀ-ն այդ աշխատակիցների մեծ մասին առաջարկել է այլ աշխատանք, և իրականում ազատման վտանգի առջև կանգնած է 5-6 աշխատակից, որոնք, սակայն, այս պահին շարունակում են աշխատանքը»,-ասել է Գևորգյանը։

Ինչ վերաբերում է արհմիության անդամների անդամավճարների դիմումներն անձամբ իրեն գրելուն, ապա Գեղամ Գևրոգյանի կարծիքով՝ առանց աշխատողի դիմումի աշխատողի աշխատավարձից հօգուտ արհմիության գումարի գանձում ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված չէ: Մինչդեռ Արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանն էլ պնդում է ճիշտ հակառակը, որ արհմիության մասին օրենքով արհմիության անդամը այդ դիմումը գրում է արհմիության ղեկավարին, ոչ թե գործատուին։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել