Hraparak.am-ը գրում է.

Իշխանության ողջախոհության, խելամտության ցուցանիշներից մեկն էլ մի քանի քայլ առաջ մտածելն է՝ ֆորսմաժորները, հավանական վտանգներն ու զարգացումները կանխատեսելը։ Որ չհայտարարես, թե ամբողջ դատական համակարգը ոտից գլուխ փոխելու եմ, բայց պարզվի, որ մի քանի դատավորի փոխելու ունակություն էլ չունես։ Չասես՝ տնտեսական հեղափոխություն եմ սկսում, մի քանի օրից համոզվես, որ գլխիցդ մեծ խոստում ես տվել, եւ առավելագույնը, որ կարող ես՝ մի քանի նախկին թալանչիներից մի քանի միլիոն դրամ գանձելն է, որը ոչ մի ազդեցություն չի ունենալու երկրի տնտեսության վրա։ Որ չհայտարարես, թե կանանց հանդեպ բռնությունը մերժելի է, եւ Ստամբուլյան կոնվենցիան օր առաջ պետք է ընդունել, հետո մի փոքր դիմադրության հանդիպես ու հայտարարես, թե կոնվենցիայի ընդունումը հետաձգում ենք հաջորդ տարի։

Որ չասես՝ Ռուսաստանը պետք է «ադապտացվի» հայկական հեղափոխությանը, իսկ աշխարհը զմայլված է մեր թավշյա հեղափոխությամբ ու հիմա մեզ մեծ փողեր է տալու, որ հաջողենք, իսկ հետո սկսես սիրաշահել Պուտինին, որ ասածներիդ լուրջ չվերաբերվի, աշխարհն էլ պարզվի, որ միանգամայն անտարբեր է քո թավիշի հանդեպ եւ փող տալու մտադրություն էլ չունի։

Այլ հայտարարություններ էլ են արվել այս մեկ տարում։ Ասենք՝ զրոյական կետից Արցախի շուրջ բանակցությունները սկսելու եւ դրանց ընթացքի մասին հանրությանը՝ ագորային տեղեկացնելու մասին, իսկ հետո պարզվել է, որ ցանկացած փոքրիկ տեղեկության արտահոսք համարում են հայրենիքի դավաճանությանը համազոր քայլ եւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հանրությանը ներկայացնելն էլ՝ հակահեղափոխական քայլ։

Մանր-մունր հայտարարություններին չենք էլ անդրադառնում։ Ասենք՝ ովքե՞ր էին օտար երկրների գործակալները, որոնց մասին վարչապետը հայտարարեց Իրանում, կամ՝ սեւազգեստների խմբերը, որոնք դավադրություն էին ծրագրում մեր երկրում։ Ի՞նչ եղավ դարիս ամենամեծ կոռուպցիոն գործարքի մասնակից Արամ Հարությունյանը, ինչո՞ւ դատարանում չեն բացահայտվում Մանվել Գրիգորյանի ահասարսուռ հանցանքները։ Կամ՝ երեխաների անօրինական որդեգրումների եւ օրգանների վաճառքից ի՞նչ կա (Արարատ Միրզոյանի հայտարարությունը կառավարության նիստում)։ Ի՞նչ բացահայտումներ է արել ապրիլյան քառօրյայի հետ կապված հանձնաժողովը, որը ձեւավորվեց վարչապետի հայտարարության հիման վրա։ Ի՞նչ եղան ղարաբաղյան «հող հանձնողները եւ դավադիրները»՝ հակահեղափոխականները, որոնց մասին ահազանգեց Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ է արվում այն հայտարարության ուղղությամբ, ըստ որի՝ «պետք է հրաժարական տան այն դատավորները, որոնց կայացրած վճիռների արդյունքում Եվրադատարանը որոշումներ է կայացրել ընդդեմ ՀՀ-ի»։
Կարելի է հարյուրավոր օրինակներ բերել, թե ինչքան անհետեւողական է իշխանությունն իր խոստումների կատարման հանդեպ, եւ ինչքան անպատասխանատու հայտարարություններ են հնչել այս մեկ տարվա մեջ, որոնք իրականություն չեն դարձել, շարունակություն չեն ունեցել եւ չեն հաստատվել՝ խարխլելով հանրության հավատն իշխանությունների հանդեպ։ Չէ՞ որ յուրաքանչյուր անլուրջ հայտարարություն, որը հետեւանք չի ունենում, խոսում է այն անլրջության մասին, որն առկա է իշխանական շրջանակներում եւ որն ուղղակի սպառնում է մեր պետության անվտանգությանը։

Քայլերի հերթականությունը չհաշվելու այլ փաստեր էլ կան։ Օրինակ, ավելի ու ավելի մեծ զարմանքի տեղիք է տալիս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կազմը, որը, ըստ լուրերի, հիմնականում Արարատ Միրզոյանի մտքի ու կամքի արգասիքն է։ Այսպիսի անպատրաստ, անսկզբունք, խորհրդարանին ոչ սազական կազմ կարելի էր հավաքել միայն այդ մարմնի հանդեպ մեծ արհամարհանք եւ իշխանության հանդեպ անհարգալից վերաբերմունք ունենալու պարագայում։

Հաջորդը․ Երեւանի ավագանու կազմը։ Ինչքա՜ն անլուրջ պետք է լինի իշխող ուժը, որ ավագանու կազմը, որից ընտրվում է ամենամեծ համայնքի քաղաքապետը, կազմվի այսպես անփույթ, եւ որեւէ պահեստային տարբերակ չմտածվի․ եթե հանկարծ Հայկ Մարությանը հրաժարական է տալիս կամ ձախողվում է, ո՞վ է փոխարինում նրան։ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին կարող ենք հազար մեղք վերագրել, բայց գոնե այդքան լրջություն ունեին, որ ավագանու իրենց ցանկում առնվազն մի քանի թեկնածու էին ընդգրկում, որ ֆորսմաժորի պարագայում քաղաքապետ դարձնեն։ Ասենք՝ 2009 թվականի ցանկում առաջին տեղում Գագիկ Բեգլարյանն էր, բայց ընդգրկվել էին նաեւ Տարոն Մարգարյանը, Կարեն Կարապետյանը, որոնք հետագայում փոխարինեցին մեկը մյուսին։ «Իմ քայլի» ցանկում չկա գեթ մեկը, որ կարողանա փոխարինել Կարգին Հայկոյին։

Այս լրջությամբ, պատասխանատվության այս զգացումով էլ հեղափոխական իշխանությունները կառավարում են երկիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել