Իշխանությունն Ամուլսարի խնդիրը տանում է հյուծման, սպառման, էլեկտրիկերևանացման ճանապարհով:
Եվ դրան, առանց հասկանալու, անուղղակիորեն իրենց մեկուսի պահվածքով նպաստում են որոշ բնապահպաններ: Վերջիններս չեն հասկանում, որ սա այլևս զուտ քաղաքական, խորապես քաղաքական, մակրոքաղաքական խնդիր է և բռնում են այն խայծը, որ իշխանությունն ու նախկին ռեժիմն են նետում:
Կարևոր չէ թե ով ինչ օրակարգ է հետապնդում Ամուլսարի չբացման կողմնակից լինելով կամ հանդես գալով: Կարևոր չէ թե որտեղ էին նրանք առաջ, կամ քաղաքական ինչ դիվիդենտներ են ուզում շահել: Այս փուլում կարևորը Ամուլսարի չբացվելն է: Որոշ բնապահպանների կամ պայքարող որոշ քաղաքացիների քաղաքական պուրիտանիզմով իշխանությունը կհասնի իր նպատակին, իսկ բոլորիս ջանքերը ջուրը կթափվեն:
Պրոֆեսիոնալ բնապահպաններից ոմանք պարտավոր են հասկանալ, որ իրենց ստերիլ բնապահպանականությամբ`վերջում անպայմանորեն վնասելու են այն գործին, որի համար իրենք այսօր իրենց կյանքն են դնում:
Իսկ հասարակությունը չպետք է շեղվի: Եթե աշխարհի տարբեր կետերում տարբեր ժողովուրդներ տարբեր կոնկրետ հարցերի համար կարող են ամիսներով անդադար ցույցեր անել, դա մենք նույնպես կարող ենք: Եվ հետին օրակարգերն առանձին որոշ հարցերում ամենևին կարևոր չեն: Երբ թշնամին հարձակվում է` մենք համախմբվում ենք առանց օրակարգ հարցնելու: Հիմա էլ սա այլ տիպի հարձակում է` այլ տիպի թշնամու հարձակման հնարավոր ավերներին համազոր հնարավոր հետևանքներով:
Անհրաժեշտ է լրջանալ, հասունանալ և ականջալուր չլինել ներքին և դավադիր աղմուկին, որ հաճախ հայտնի և իբրև թե ընդունված անձինք են հնչեցնում:
Ամուլսարը պետք է սար մնա և դա է միակ ու ամենակարևոր հարցն այս պայքարում: