Անցած անգամ, երբ վարչապետը գրառում էր արել թանգարաններ այցելության աճի մասին, գրել էի, որ հասարակությանը նման մանր ցուցանիշները չեն հետաքրքրում, մարդկանց հիմնական ակնկալիքը երկրի տնտեսության մեջ լուրջ դրական տեղաշարժն է, ներդրումների աճը և աշխատատեղերի ստեղծումը։ Որքան էլ զարմանալի է, հերթական անգամ վարչապետը, չանսալով հանրությունից եկող ազդակները, գրառում է անում թատրոնների այցելությունների աճի մասին։

Իհարկե, թատրոններ և թանգարաններ այցելությունները կարևոր են, բայց ոչ այնքան կարևոր, որ վարչապետը սկսի թմբկահարել։ Եթե այս հարցում վարչապետը չի համոզվում, ապա թող նայի իր գրառման տակ եղած բացասական մեկնաբանությունները։ Մի կողմից էլ ճիշտ են այն դիտարկումները, թե թատրոններ այցելելու կարիք չկա, քանի որ ամեն օր ականատես ենք լինում քաղաքական թատրոնի հերթական սերիային՝ ձերբակալությունների, բաց թողնելու և շոուների տեսքով։

Ու ամենակարևորը՝ եթե վարչապետը ցանկանում է, որ վաղը իրենց իշխանությանը ամենավերջին բառերով չհայհոյեն, ապա թող ուշադիր լինի, որ իր կողմնակիցները լուտանքներ չտարածեն մյուս քաղաքական ուժերի հասցեին, քանի որ այդ նույն հայհոյողները վաղն իր դեմ են շրջվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել