Armtimes.com-ը գրում է.

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019 թվականի մայիսի 21-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Տարեսկզբում Մարությանը փոխառության է հանձնել 1 մլն դրամ, որը տարվա ընթացքում վերադարձվել է: Տարեսկզբում Երեւանի քաղաքապետի դրամական միջոցները կազմել են՝ 9 մլն 500 հազար դրամ, 190 հազար դոլար, 10 հազար եվրո եւ 120 հազար չեխական կրոնա, որը տարեվերջում դարձել է 9 մլն 50 հազար դրամ, 190 հազար դոլար, 10 հազար եվրո եւ 934 հազար չեխական կրոնա (մոտ 40 հազար դոլար):

2018-ին Երեւանի քաղաքապետն ունեցել է 11 մլն 3 հազար 584 դրամի չափով եւ 1 մլն 338 հազար չեխական կրոնայի չափով եկամուտ: Եկամուտները գոյացել է աշխատավարձերից, վարձակալության դիմաց ստացված վճարներից եւ գրական, արվեստի կամ գիտական աշխատանքի դիմաց ստացված հատուցում:

Դեռեւս պաշտոնը ստանձնելուց հետո Մարությանը հայտարարագրել էր նաեւ իր անշարժ եւ շարժական գույքերի եւ արժեթղթերի մասին տեղեկություններ, որը՝ ինչպես երեւում է արդեն նրա տարեկան հայտարարագրից՝ տարեվերջում փոփոխության չի ենթարկվել: Երեւանի քաղաքապետն ունի 21 անշարժ գույք՝ 7 բնակարան, 6 ավտոտնակ, 5 հողին ամրակայված շինություն, 1 ավտոտնակ եւ 2 հողամաս:

Որպես շարժական գույք Մարությանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «NISSAN TIIDA 1.6 I» եւ «PEUGEOT PARTNER TP 2.0» մակնիշների: Երեւանի քաղաքապետն ունի նաեւ 3 տարբեր չափերի բաժնեմասեր՝ 25 հազար դրամի չափով, 5 հազար դրամի չափով եւ 7 հազար 500 դրամի չափով:

Քաղաքապետի հետ զուգահեռ իր տարեկան հայտարարագիրն է ներկայացրել նաեւ նրա կինը՝ Իվա Մարությանը: Ըստ այդ հայտարարագրի Իվա Մարությանը 2018-ին 6 մլն 500 հազար չեխական կրոնայով առանձնատուն է ձեռք բերել:

Տարեսկզբում Իվա Մարությանն ունեցել է 12 մլն 930 հազար չեխական կրոնա, 235 հազար եվրո եւ 73 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 6 մլն 300 հազար չեխական կրոնա, 235 հազար եվրո եւ 73 հազար դոլար:

2018-ին Մարությանն ունեցել է 70 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել