Ընդամենը մեկ ամիս առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Վենետիկի հաձնաժողովի հայտնի արձանագրությանը, որում ասվում էր, որ վեթթինգի անհրաժեշտություն Հայաստանում չկա, բառացի նշեց, որ «ՀՀ իշխանությունները կարևորում են խորհրդակցական առաջարկությունները, եզրակացությունները և մասնագիտական աջակցությունը, բայց ինքնուրույն են որոշում՝ մեր երկրում ինչի կարիք կա»:

Իսկ այսօր` այս հայտարարությունից ընդամենը մեկ ամիս անց, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարում է, որ գրեթե շանս չկա, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ կհասնի` պատճառաբանելով, որ «մինչև մենք Վենետիկի հանձնաժողովից ստանանք պատասխան, դա կլինի մինչև հոկտեմբեր, մինչև կառավարությունում կրկին քննարկենք, մինչև ուղարկենք Սահմանադրական դատարան, դա պրոցես է, որը պետք է անցնի»…

Եթե ըստ ՀՀ ԱԺ ղեկավարի, ՀՀ իշխանություններն ինքնուրույն են որոշում՝ մեր երկրում ինչի կարիք կա և վերջում վարվում են այնպես, ոնց նպատակահարմար են գտնում, ապա էլ ինչի են Վենետիկի հանձնաժողով դիմում և պատճառաբանում, որ սպասում են, թե ինչ խորհուրդ կտա տվյալ հանձնաժողովը Ստամբուլյան կոնվենցիայի հարցով:

Մանավանդ, որ հաշվի ենք առնում, որ արդարադատության նախարարի մոտ կասկած անգամ չկա, որ Ստամբուլյան կոնվենցիայով հարված «չի հասցվում մեր ազգային արժեքներին»: Եվ մանավանդ այն պարագայում, որ վերջինս արդեն իսկ նպատակ է դրել ամեն գնով հասնել կոնվենցիայի ընդունմանը:

Հավատալ նրան, որ մի քանի օրվա ընթացքում իրենց համոզմունքները փոխվել են կամ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը դարձել է չափազանց կարևոր, միամտություն կլինի:

Պարզից էլ պարզ է դառնում, որ իշխանությունները պարզապես փորձում են ժամանակ շահել ու մարել կոնվենցիայի շուրջ տիրող դժգոհության մեծ ալիքը, դրա վավերացման գործընթացը սկսելու համար ավելի հարմար ժամանակի սպասելով: Թե չէ Ամուլսարի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին երկրորդ դժգոհության ալիք մարելն արդեն բավականին դժվար կլինի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել