Մեկ անգամ պարտադրված վիճակում հայտնվել ենք, ներքաշվել ենք պատերազմի մեջ և կարողացել ենք պահպանել Արցախի ժողովրդի, մեր սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը: Այսօր պարտադրել մեզ  գնալ միակողմանի զիջումների` անհնարին է: Այս մասին այսօր «Էրեբունի» օդանավակայանում ՀՀ ԶՈՒ ավիացիոն զորքերի կազմավորման 21-ամյակի առիթով կազմակերպած միջոցառումից հետո ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

Լրագրողների խնդրանքով, նախարարն անդրադարձավ օրերս Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ հնչած հերթական ռազմատենչ հայտարարություններին.

«Այդպիսի հայտարարությունները միշտ էլ միտված են լինում թե՛ ներքին քաղաքական խնդիրների լուծմանը, թե՛ մեր չլուծված խնդիրների լուծման հարթակ հանդիսացող բանակցային գործընթացում միակողմանի հաջողություններ ունենալուն: Ստիպել, որպեսզի մենք միակողմանի զիջումների գնանք»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, Սեյրան Օհանյանն ընդգծեց` պաշտպանության նախարարի համար պատերազմի վտանգ կա միշտ:

«Վտանգ կա ամեն օր, և մենք ամեն օր պատրաստվում ենք պատերազմի, ամեն օր կատարելագործում ենք մեր ունակություններն ու կարողությունները: Բայց այսօր այդ պատերազմի հավանականությունն այնքան էլ բարձր չէ` չնայած նրան, որ ռազմաքաղաքական իրադրությունը, անվտանգության միջավայրը, սպառնալիքները Հայաստանի Հանրապետության շուրջ և ընդհանուր մեր տարածաշրջանում միշտ էլ առկա են և միշտ էլ բռնկվող վիճակում կարող են լինել»,- ասաց Սեյրան Օհանյանն ու ավելացրեց.

«Մենք պետք է քիչ միջոցներով մեծ խնդիրներ լուծելու ունակությունները զարգացնենք: Ասել է թե` մենք պետք է զարգացնենք այն առանձնահատկությունը, որոնք դրված են եղել մեր Զինված ուժերի կազմավորման ակունքներում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել