Մշտադիտարկման արդյունքում ընտրված 4 կայքերում հայտարարագրվել է 306 հոդված։ Որոնցից 34-ը՝ բացասական, 23-ը՝ դրական, 249-ը՝ չեզոք են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար այս տասնօրյակում մեծագույն խնդիր է հանդիսացել Ամուլսարի հարցը։ Տարբեր հասարակական ուժեր, որոնք իշխանափոխության ողջ ընթացքում սատարել են Նիկոլ Փաշինյանին և ՔՊ կուսակցությանը, այս պահին հայտնվել են բարիկադների մյուս կողմում և պայքարում են ընդդեմ հանքի շահագործման։
Վարչապետը զրույց ունեցավ քաղաքացիների հետ ֆեյսբուքյան եթերի միջոցով, բայց դա, կարծես, իրավիճակը չմեղմեց։ Լրատվականներում հայտնվեցին հոդվածներ, որոնց հիմնական ասելիքն այն էր, որ ֆեյբուքյան եթերն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան՝ հարցերի պատասխաններ տվեց։
Երկրորդ գլխավոր խնդիրն այս տասնօրյակում՝ շարունակում է մնալ գյումրեցի կնոջ և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը, երբ կինը կոպիտ ձևով իր դժգոհությունն էր հայտնել վարչապետի գործունեությունից։
Aravot.am-ում գրվել է 109 հոդված՝ 23 բացասական, 79 չեզոք, 10 դրական։
Լրատվականի համար ևս հիմնական թեման՝ Ամուլսարի հարցն է, տեղ են գտել քննադատական մեկնաբանություններ։ Այս տասնօրյակում հրապարակումների մեջ կարելի է տեսնել նաև գյումրեցի կնոջ հետ տեղի ունեցած միջադեպը, բացի այդ աղբահանության թեման արդեն իսկ բացասական է անդրադառնում ոչ միայն քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այլև Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա։
Lragir.am-ում գրվել է 108 հոդված՝ բացասական 8, չեզոք 96, դրական 4։
Բացասական հոդվածներում Ամուլսարը կարմիր թելով անցնում է։ Լրատվականն անդրադարձել է նաև ԱԺ-ի դիմաց ակցիա իրականացնող ակտիվիստներին, որոնք բերման էին ենթարկվել։ Ակտիվիստներից մեկը գրել է. «Այսօր Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելու խոստումն իրականություն դարձավ։ Ինձ ուղիղ իմաստով փռեցին ասֆալտին, ու վրայովս քայլելով փորձում էին բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկել աղջկան»։ Դրական հոդվածների մեջ տեղ է գտել Սեյրան Սարոյանի դրվատանքն ուղղված Նիկոլ Փաշինյանին և Գյումրու քաղաքապետի այն խոսքը, թե Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցից հետո զբոսաշրջիկներն ավելացել են։
Azatutyun.am-ում գրվել է 46 հոդված, 1 բացասական, չեզոք 40, դրական 5։
Որպես բացասական հոդված նշվել է այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է քննադատել Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունները։ Դրական հոդվածների մեջ են հայտնվել գովեստի խոսքերը, որոնք կապված են զբոսաշրջիկների համար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված շրջայցի և Սեյրան Սարոյանի ասուլիսում հնչած կարծիքների հետ։
armtimes.com-ում գրվել է 43 հոդված, 2 բացասական, չեզոք 37, դրական 4։
Կայքում բացասական երկու հոդվածները կապված են Ամուլսարի հետ։ Դրական հոդվածներն են՝ Գյումրու քաղաքապետի վերը նշված հայտարարությունը, Սեյրան Սարոյանի դրվատանքի խոսքերը։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի իշխանության համար կարևոր հիմնախնդիր է դարձել Ամուլսարի հարցը, որը ժամանակավորապես երկրորդ պլան է մղել անգամ Ստամբուլյան հռչակագրի շուրջ աղմուկը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MediaAdvocate1/photos/a.673055679775743/790066498074660/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել