ԱՄՆ-ում յուրաքանչյուր ընտրություն զուգորդվում է ԱՄՆ քարտեզի կապույտ և կարմիր գունավորմամբ։ Քարտեզի նման գունավորումը նոր երևույթ չէ, սակայն նախկինում գույների կիրառումը հստակ չէր, և դրանք իրենց ներկայիս կարևորությունն ու լայն կիրառումը ստացել են առավելապես 2000թ. նախագահական ընտրություններից հետո։ Ներկայումս, կարմիր նահանգներն ասոցացվում են Հանրապետականների, իսկ կապույտ նահանգները՝ Դեմոկրատների հետ։ Այնուամենայնիվ, կան նահանգներ, որոնք կայուն չեն իրենց ընտրության մեջ և մի ընտրության ժամանակ կարող են քվեարկել Հանրապետակաների օգտին, իսկ հաջորդին՝ Դեմոկրատների (փոփոխական նահանգներ, Swing states): Ավանդաբար, կապույտ նահանգների թվում են Կալիֆորնիան, Քանեքթիքութը, Հավային, Իլինոյսը, Մասաչուսեթսը, Նյու Ջերսին, Նյու Յորքը և այլն։ Կարմիր նահանգների թվում են Ալաբաման, Տեխասը, Ջորջիան, Մոնտանան, Արիզոնան և այլն։ Փոփոխական նահանգներների շարքում են Կոլորադոն, Ֆլորիդան, Այովան, Միչիգանը, Մինեսոտան, Օհայոն, Նևադան, Նյու Հեմփշիրը և այլն։
Որպեսզի հասկանանք, թե արդյո՞ք նախագահական ընտրությունների ժամանակ տեկնածուներին անհրաժեշտ են հայկական ձայները, պետք է հասկանանք թե հիմնականում որտեղ է գտնվում ԱՄՆ-ում բնակվող հայակական համայնքը այս կապույտ-կարմիր նահանգների բաժանման մեջ։ Տարբեր աղբյուրներ տարբեր թվերով են ներկայացնում ԱՄՆ-ում հայկական բնակչության թիվը։ ԱՄՆ Մարդահամարի Բյուրոյի (Census Bureau) 2017թ. Ամերիկայի համայնքային հարցման (American Community Survey) մեկ տարվա հաշվարկների համաձայն (ամենամյա հարցումն իրականացվում է ընտրված 3,5 միլիոն հասցեներում)՝ ԱՄՆ-ում հայ բնակչության թիվը կազմում է 485.970(+/- 18.396): Այնուամենայնիվ, մի շարք հայկական աղբյուրներ պնդում են, որ այնտեղ հայ բնակչության թիվը 1,2 միլիոն է՝ ընդհուպ հասնելով մինչև 2 միլիոնի։ 
Ամերիկայի համայնքային հարցման մեջ հայ բնակչության նման քիչ քանակի ներկայացման ամենահավանական տարբերակն այն է, որ ԱՄՆ-ում առավել համընդգրկուն տաս տարին մեկ իրականացվող մարդահամարի հարցումները իրենց մեջ չեն ներառում որոշ էթնիկ խմբերի անվանումներ որպես կատեգորիա, այդ թվում «Հայերի»։ Թեև նախատեսվում էր սպասվելիք մարդահամարում ընդգրկել «մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան» կատեգորիան, որը հնարավորություն կտար ընտրել «Հայ» տարբերակը որպես ազգություն և առավել համապարփակ և հավաստի ժողովրդագրական վիճակագրություն կազմել, այնուամենայնիվ Մարդահամարի Բյուրոն 2018թ․ հունվարին հայտարարեց, որ նրանք կշարունակեն մարդահամար իրականացնել այն նույն հարցաթերթիկների ձևաչափով, որով առաջնորդվել են 2010թ․ մարդահամարի ժամանակ՝ բացառելով առավել մանրամասն դասակարգման հնարավորությունը։ Եվ այս անգամ նույնպես հայկական ծագում ունեցող մարդիկ ամենայն հավանականությամբ կընտրեն “Սպիտակ” կատեգորիան՝ առանց իրենց ազգությունն ընտրելու հնարավորության։ Այնուամենայնիվ, քանի որ միակ պաշտոնական տվյալը ԱՄՆ-ում հայ բնակչության քանակի հետ կապված ԱՄՆ Մարդահամարի Բյուրոյի Ամերիկայի համայնքային հարցումն է, սույն հետազոտությունը կհիմնվի այս հարցման տրամադրած տվյալների վրա։
ԱՄՆ ամենահայաշատ 5 նահանգներն են Կալիֆորնիան, Մասաչուսեթսը, Նյու Յորքը, Նյու Ջերսին, Միչիգանը և Ֆլորիդան։ Սակայն, եթե հաշվի ենք առնում տվյալ նահանգների ողջ բնակչության քանակը, տեսնում ենք, որ հայ բնակչությունը կազմում է ողջ բնակչության շատ փոքր հատվածը։ Մասնավորապես, ստանում ենք նման պատկեր` Կալիֆորնիա՝ 0.5%, Մասաչուսեթս՝ 0.4%, Նյու Յորք՝ 0.28%, Նյու Ջերսի՝ 0.19%, Միչիգան՝ 0.15%, Ֆլորիդա՝ 0.04%:
Այսպիսով, եթե համադրենք այս տվյալները վերոնշյալ կապույտ-կարմիր նահանգների հետ, ակնհայտ է դառնում, որ հայերը մեծամասամբ բնակվում են կապույտ նահանգներում։ Սա իր հերթին պարզաբանում է փաստը, թե ինչու են հայերն ավանդաբար առավել ամուր կապեր հաստատել Դեմոկրատների, այլ ոչ Հանրապետականների հետ և թե ինչու են հայկական լոբբիստներն առավել հաջող համագործակցություն ծավալում Դեմոկրատ Սենատորների և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ։
Եթե վերցնենք 1992թ. նախագահական ընտրությունները որպես մեկնարկային կետ (կապված ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և ԱՄՆ հայկական ներգաղթի երկրորդ ալիքի հետ), կարող ենք տեսնել, որ Կալիֆորնիան, Մասաչուսեթսը, Նյու Յորքն ու Նյու Ջերսին (ամենահայաշատ նահանգները) աջակցում են Դեմոկրատներին։ Այնուամենայնիվ, երկու հայաշատ նահանգներ՝ Միչիգանն ու Ֆլորիդան, փոփոխական նահանգներ են։ Սակայն այս նահանգներում հայերի թիվն այնքան քիչ է, որ իրենց ձայները ընտրություններում բավարար կշիռ չեն ունենա։
Հայտնի փաստ է, որ Դոնալդ Թրամփը 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ տարավ ոչ թե Համաժողովրդական ընտրությամբ, այլ Ընտրիչների կոլեգիայի միջոցով։ Նախագահի երկու թեկնածուների ձայների միջև եղած տարբերությունը 2,868,691 էր՝ հօգուտ Հիլարի Քլինթոնի։ Թեև ներկայումս Թրամփը նույնպես շանսեր ունի հաղթելու Ընտրիչների կոլեգիայի միջոցով, որի ժամանակ հայերի ձայները ավանդական կապույտ նահանգներում լուրջ ազդեցություն չեն ունենա վերջնարդյունքի վրա, այնուամենայնիվ այդ ձայները կարող են նրան օգնել լրացնել համաժողովրդական ընտրության ձայների միջև եղած տարբերությունը և հնարավորինս մոտենալ բացարձակ հաղթանակին, հատկապես երբ հաշվի առնենք այն, որ Ամերիկայում Հայկական համայնքի թիվն իրապես ավելի մեծ է, քան ներկայացված է Ամերիկայի համայնքային հարցման մեջ (նկատի ունենք՝ ավելի շատ, քան նշված կես միլիոնը)։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում լրջագույնս քննարկվում է Ընտրիչների կոլեգիայի ինստիտուտի վերացման հարցը, քանի որ ըստ ընդունված կարծիքի այն չի համապատասպանում ժամանակակից ԱՄՆ-ի ընտրական առանձնահատկություններին և իրողություններին։



Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել