Կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 33, 68 մլն դրամ: Այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին (16,2 մլն դրամ) և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին» (17,4 մլն դրամ): Նպատակը՝ ապահովելն է, որ հիշյալ կազմակերպությունները Արցախում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին իրականացնեն դիտորդական առաքելություն:

Գուցե այս հանգամանքը հարցեր չառաջացներ, կամ, առնվազն, այսչափ մտահոգիչ չլիներ, եթե դրամաշնորհ տրամադրողի դերում լիներ ոչ թե պետությունը, այլ ցանկացած այլ կառույց կամ կազմակերպություն: Եվ անգամ այդ պարագայում դրամաշնորհ տրամադրող ցանկացած կառույց նախապես սահմանում է իր ընթացակարգերը և իր պայմանները: Որո՞նք էին պետության կողմից ներկայացված ընթացակարգերը և պայմանները: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար ի՞նչ սկզբունքով ընտրվեցին «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ն և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»: Ինչու՞ չանցկացվեց բաց մրցույթ և վերջապես ի՞նչ սկզբունքով և ինչի՞ համար է դրամաշնորհ տրամադրվում մեկ այլ երկրում, այս դեպքում՝ Արցախի Հանրապետությունում ընդամենը մեկ ամիս առաջ բացված կազմակերպությանը (խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ի մասին է, որը Ստեփանակերտում բացվել է սույն թվականի հուլիսի 23-ին):

Արդյունքում, կառավարությունն իր այս որոշմամբ հստակեցնում է դեռ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Նիկոլ Փաշինյանի հայտարարած այն մոտեցումը, դիրքորշումը, որ Հայաստանը կլինի Արցախում սպասվելիք ընտրությունների երաշխավորը: Արդյոք նորմա՞լ է, որ մի պետություն երաշխավորում է մեկ այլ ինքնիշխան պետության ընտրությունների անցկացումը: Իհարկե՝ ոչ: Ճիշտ նույն կերպ, ինչպես նորմալ չէ, որ մի պետություն իր պետական բյուջեի հաշվին ՀԿ-ներ է ուղարկում մեկ այլ պետություն՝ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Հ.Գ. Իսկ, ընդհանրապես, Արցախի Հանրապետության ԿԸՀ-ն նման դիմում ուղղե՞լ է ՀՀ կառավարության: Թե՞ նման պայմանականությունների հետևից չենք էլ ընկնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել