Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերի օրակարգային հարց է դարձել Ամուլսարի հանքավայրի շահագործումը։ Շահագործման ընդդիմախոսները վկայակոչում են, որ «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ն /այսուհետ՝ Լիդիան/ որպես իրավաբանական անձ գրանցված է Ջերսի կղզում, որն օֆշորային գոտի է, և հետևաբար՝ Լիդիանը չի կարող դիմել միջազգային արբիտրաժ, քանի որ չի հանդիսանում օտարերկրյա ներդրող որևէ միջազգային ներդրումային պայմանագրի համաձայն։

Իրապես, համաձայն միջազգային ներդրումային իրավունքի՝ օտարերկրյա ցանկացած ներդրող, իր իրական կամ ենթադրյալ իրավունքների պաշտպանության համար, իրավասու է դիմել ցանկացած միջազգային արբիտրաժի կամ «ad hoc» արբիտրաժի այն դեպքում, երբ ներդրողի գրանցման/կազմավորման պետության և այն պետության միջև, որտեղ համապատասպան իրավաբանական անձը կատարել է ներդում, կա՛մ կնքված է երկկողմանի ներդրումային պայմանագիր (Bilateral Investment Treaty, այսուհետ՝ BIT), կա՛մ այդ երկու պետություններն էլ վավերացրել են որևէ բազմակողմանի ներդրումային միջազգային պայմանագիր (Multilateral Investment Treaty, այսուհետ՝ MIT)։

Լիդիանի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերը հանդիսանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ն, որը գրանցված է Ջերսիում՝ ցուցակված լինելով Տորոնտոյի (Կանադա) ֆոնդային բորսայում (TXS:LYD)։ Հայաստանի իրավական տեղեկատվական բազայի /Arlis.am/ ուսումնասիրությունից բխում է, որ ՀՀ-ն որևէ պայամանագիր չի կնքել Ջերսի կղզու հետ, ինչը բնական է։ Ջերսի կղզին, Գերնսի և Մեն կղզիների հետ միասին՝ հանդիսանալով թագավորական հող /Crown Dependency/, միջազգային իրավունքի տեսանկյունից ո՛չ Մեծ Բրիտանիայի մաս է, ո՛չ էլ սուվերեն պետություն։ Հետևաբար՝ այն չունի առանձին միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի կողմից կնքված միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և ՀՀ կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագիրը (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից), չեն տարածվում Ջերսի կղզու վրա։

Փոխարենը՝ Բրիտանիայի կառավարությունը միջազգային պայմանագիրը ստորագրելու կամ վավերացնելու ընթացքում խորհրդակցում է Crown Dependency համարվող տարածքների հետ, և եթե վերջիններս պահանջում են պայմանագրի ընդլայնում, ապա Մեծ Բրիտանիայի կողմից կնքվող երկկողմանի ներդրումային միջազգային պայմանագրերը սովորաբար պարունակում են դրույթ, որը թույլ է տալիս, որպեսզի BIT-ը տարածվի նաև նրանց նկատմամբ՝ պայմանագրի կողմերի սահմանած կարգով։ Այսպես՝ Մեծ Բրիտանիայի կողմից կնքված մոտ 97 երկկողմանի ներդրումային միջազգային պայմանագրերից 37-ը կիրառվում են Ջերսիի նկատմամբ, սակայն ՀՀ-ի հետ կնքված միջազգային ներդումային պայմանագիրը դրանց շարքում ներառված չէ։

Հետևաբար՝ Ջերսիում գրանցված առանձին ընկերությունը, անկախ Կանադայի ֆոնդային բորսայում ցուցակված լինելուց, ՀՀ-ում կատարված ներդրումների մասով չի կարող միջազգային ներդրումային իրավունքի համաձայն՝ դիմել միջազգային արբիտրաժ։

Հարց է ծագում. արդյո՞ք ՀՀ տարածքում շուրջ կես միլիարդ դոլլար ներդրում կատարած ընկերությունը, որը վերջին մեկ տարվա ընթացքում բախվել է նման ծավալի խնդիրների, և որին ներկայացնում է միջազգային ամենահեղինակավոր իրավաբանական ընկերություններից մեկը՝ ‘Freshfields Bruckhaus Deringer’ LLP-ին, որն ունի միջազգային ներդրումային արբիտրաժներում առաջատարի հեղինակություն, կարող էր հաշվի չառնել վերոնշյալ խնդիրը, և ներդրումային իրավունքի համաձայն՝ չիրականացներ կորպորատիվ վերակազմակերպում։

Այսպես՝ դեռևս 2019 թ-ի մարտի 19-ին, ՀՀ և Մեծ Բրիտանիայի ու ՀՀ և Կանադայի միջև երկկողմանի ներդրումային պայմանագրերի համատեքստում, ՀՀ կառավարությունը պաշտոնապես ծանուցվել է Մեծ Բրիտանիայում և Կանադայում գրանցված Lydian U.K. Corporation Limited-ի և Lydian Canada Ventures Corporation-ի կողմից, որոնք հանդիսանում են Լիդիանի դուստր ընկերություններ /https://www.lydianinternational.co.uk/news/2019-news/452-…։

Այսինքն՝ համապատասխան արբիտրաժային վեճերում որպես դիմող կողմ է հանդես գալու ոչ թե Ջերսիում գրանցված Lydian International Limited-ը, այլ վերջինիս դուստր երկու ընկերությունները՝ Lydian U.K. Corporation Limited-ը և Lydian Canada Ventures Corporation-ը, որոնք համապատասխանաբար գրանցված են Մեծ Բրիտանիայում և Կանադայում, որոնցից 2-ի հետ էլ ՀՀ-ն ունի միջազգային ներդրումային պայմանագրեր։

Կարծում եմ՝ հավանական սցենարներից է, որ կանխատեսելով «օֆշորի» հետ կապված հնարավոր առարկությունը՝ Լիդիանն իրականացրել է կորպորատիվ վերակազմակերպում, որի արդյունքում Lydian International Limited-ի փոխարեն Lydian Armenia-ի բաժնետերեր են դարձել Lydian U.K. Corporation Limited և Lydian Canada Ventures Corporation ընկերությունները։

Անհրաժեշտ է նշել նաև, որ Լիդիանի առանձին բաժնետեր՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք հաշվառված են այն պետություններում կամ հանդիսանում են այն պետությունների քաղաքացիներ, որոնք ՀՀ-ի հետ ունեն միջազգային ներդրումային պայմանագրեր, ևս կարող են միջազգային ներդրումային իրավունքի համաձայն դիմել արբիտրաժ՝ անկախ Լիդիանի Ջերսիում գրանցված լինելու հանգամանքից։

Ամփոփելով վերոգրյալը, հստակեցնեմ, որ, այո՛, Լիդիանը ստեղծել է հիմքեր դիմելու միջազգային արբիտրաժի ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Հ. գ. Ամուլսարի հանքավայրի շահագործումը համարում եմ բավականին ռիսկային որոշում, քանի որ, ըստ իս, անգամ բոլոր հնարավոր մեղմման միջոցները կիրառելու պարագայում՝ ՀՀ այս կառավարությունը չունի համապատասխան ռեսուրս և մասնագետներ անհրաժեշտ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել