Այսօր ընկերուհուս հետ նստեցինք 39 համարի երթուղայինն ու դեռ մի կանգառ էլ չէինք գնացել, դրսից մեկը սուլեց ու կանգնեցրեց երթուղայինը: Դուռը բացեց մոտ 20 տարեկան մի երիտասարդ ու վարորդին շնչակտուր ասաց.
- Ախպերս, մի վայրկյան սպասի, հեսա մի տատի կա, ուզում ա նստի:
Մինչ տատին կերևար, երթուղային բարձրացան երկու 60 տարեկանի մոտ կանայք ու նստելով սկսեցին հարցեր տալ, թե ինչու չենք շարժվում: Ձեռնափայտով մի 80 տարեկանի մոտ տատիկ մոտեցավ դռանը: Դուռը բացող երիտասարդը տատիկի տոպրակը դրեց դռան մոտ ու սկսեց գրեթե գրկելով օգնել տատիկին, որ բարձրանա երթուղային: Մենք դռանը մոտ էինք նստած, ու ընկերուհուս պայուսակը արագ վերցրեցի ձեռքից, քաշվեցի կողքի նստարանին, իսկ ընկերուհիս սկսեց տատիկին օգնել, որ բարձրանա: Հանկարծ այդ երկու կանանցից մեկը սկսեց աղմկել ու գոռգոռալով բարձրացնել փորձող տղային ասաց, թե ինչի՞ ես օգնում բարձրանա, հիմա ո՞վ ա օգնելու, որ հետ իջնի, մեծ կնիկ ես, նստի տեղդ, մնա: Ինձ համար սարսափելի զարմանալի, բայց կնոջ զզվելի խոսակցությանը միացան երթուղայինի բոլոր տարեցները: Մի խոսքով տատիկը բաձրացավ, նստեց, շարժվեցինք, բայց տարեցները չէին հանգստանում, բողոքում էին, թե մի օգնեք, ինչի օգնեցիք… Տատիկը խեղճ նստել նայում էր…ընդամենը 2 կանգառ հետո տատիկը պետք է իջներ, դրամապանակից խնամքով հանեց կոպեկը, տվեց վարորդին, մենք էլ օգնեցինք, տատիկն իջավ, ու հայկական տարբերակով տատիկի դուռը փակելուց հետո սկսվեց պատերազմ երկու տարբեր սերնդի ներկայացուցիչներիս միջև: Ի զարմանս ինձ` տարիքով մարդիկ ըմբոստացել էին, որ եթե մի քանի անգամ չօգնենք, էդ տարիքի կին տանից դուրս չի գա, ու նման զզվելի բաներ էին խոսում: Ի դեպ նշեմ` սիրուն տատիկ էր, մաքուր ու խնամքով հագնված: Իսկ մենք` երիտասարդներս, երթուղայինի տարիքովների հետ վիճում էինք, որ մարդն ունի օգնության կարիք, ինչո՞ւ չօգնել, առավել ևս, եթե մեզ համար դա բոլորովին դժվար չէ:
Չեմ կարող նաև երիտասարդ վարորդի խոսքերը չհիշել, ով շրջվեց, նայեց գոռգոռացող կնոջն ու ասաց` քանի՞ տարեկան եք, նա ասաց` վաթսուն: Ասաց` քեզ ո՞նց կզգաս, որ 20 տարի անց կանգնացնես` չկանգնեմ, ուզենաս նստես` ոչ մեկ չօգնի, պետք չի լինել այդքան չար:
Իսկապես, մի՞թե մենք այսքան չարացել ենք, վաղը բոլորս էլ (եթե Աստված կամենա) հասնելու ենք այդ տարիքին, ունենալու ենք այն ձեռքի կարիքը, որը մեզ կբարձրացնի կամ կօգնի իջնել երթուղայինց: Մեծին հարգելը մեր` հայերիս գենի ու երակների մեջ է… Պետք չէ լինել այդքան չար, ի՞նչ պետք է սովորենք մենք` երիտասարդներս, ձեզանից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/GORCARARDZERAGIR/posts/466272610132523
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել