Միանգամից անկեղծ ասեմ․ ես չունեմ միանշանակ դիրքորոշում Ամուլսարի վերաբերյալ։ Ըստ այդմ խնդրի բնապահպանական ասպեկտները մի կողմ դնեմ։

1. Նիկոլը երեկ գցեց մարդկանց, որոնք իր այսօրվա իշխանության համար տարիներով փողոցներում կռիվ էին տվել։ Ընդ որում, ինչպես պարզվում է, դեռ 8 ամիս առաջ էր որոշումը կայացվել Ամուլսարի շահագործման, բայց իշխանությունները բնապահպաններին այդքան ամիս հույս էին տալիս, որ վերջում «փռեն ասֆալտին»։ Այսինքն ծայրահեղ անազնիվ ու ստոր բան է արել։

Անցյալ հուլիսին, ընկերներիս հետ սրճարանում նստած, ասել էի, որ Նիկոլի հետ հնարավոր չէ պայմանավորվել, նա բոլորին գցում է։ Միշտ է գցում։ Ինչ-որ մի «ՀՀ հպարտ» ջահել ասածս լսել էր, եկել էր Ֆեյսբուքում գրել, թե բա Վրթանեսյանը սենց բան ա ասել մեր Նիկոլի մասին։ Բնականաբար, ֆրենդերն էլ վայնասունը կապել էին։

Արձանագրենք, որ երեկվա եղածը ևս մեկ հաստատում է այն բանի, որ ես այս հարցում ճիշտ էի, իսկ խպառտ ջահելությունը՝ սխալ։

2․ Երեկ «ասֆալտին փռվածների» մեջ կային ընկերներիցս ոմանք։

Կային նաև մարդիկ, որոնք սրտիկում էին Նիկոլի լայվերը, երբ նա իր ճղճղան հիստերիկ ձայնով արտաբերում էր․ «ասֆալտին ենք փռելու, ծեփելու ենք պատերին»։

Չնայած գայթակղությունը մեծ է երկրորդ խմբի վրա չարախնդալու, բայց ավելի ճիշտ է արձանագրելը, որ «ասֆալտին փռելն» անընդունելի է լրիվ խաղաղ ցուցարարների դեպքում, անկախ այն բանից իմ ընկերներին են փռում, թե նրանց, ովքեր երկար տարիներ նաև ինձ են խփել տարբեր առիթներով։

3. Մի կարևոր իրողություն էլ արձանագրենք․ նախկին ընդդիմադիրները, որոնք տարիներով մեղադրում էին բավականին մեղմ Սերժ Սարգսյանին բռնապետական հակումների համար, մի քիչ իշխանություն ստանալով՝ շատ արագ վերածվում են հիստերիկ բռնապետության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել