Կոնքերի ներքին հատվածում հարումը բավական տարածված խնդիր է, ընդ որում՝ ոչ միայն ամառային։ Սակայն հենց ամառվա շրջանում է այն հատկապես սրվում։ Շոգի և առատ քրտնարտադրության պատճառով ոտքերն ավելի շատ են հարվում, ինչի պատճառով տհաճ զգացողությունը ոչ մի րոպե հանգիստ չի տալիս։
Այդ պատճառով առաջարկում ենք մի քանի միջոցներ ոտքերը հարվելու դեմ, որոնք անպայման կօգնեն ձեզ այս խնդիրն ունենալու դեպքում։
Ամենաակնհայտ միջոցը, որ կարելի է ձեռնարկել, հարումը կանխող միջոցներ ձեռք բերելն է, որոնք կարելի է գտնել մասնագիտացված սպորտային խանութներում։
Գոյություն ունեն բանդաժներ և կոնքին կապվող հատուկ կտորներ, որոնք մշակված են հատուկ այս խնդիրը լուծելու համար։ Դրանց տարբեր տեսակները կան։ Շատ տարածված են բարակ էլաստիկ կապերը՝ էլեգանտ ժանյակներով, որոնք հագուստի տակից բացարձակ չեն երևում։
Եթե այս տարբերակները ձեզ հարմար չեն թվում, լավ այլընտրանք է ճիշտ ընտրված ներքնազգեստը։ Դրանք պետք է կամ երկարոտ վարտիքներ լինեն կամ կարճ շորտեր։ Ներքնազգեստը անպայման պետք է բնական կտորից լինի։ Բացի այդ, ներքնազգեստը պետք է ձեր չափսով լինի, ոչ մի դեպքում մի գնեք սեղմող, նիհարեցնող ներքնազգեստ, դա ավելի կխորացնի խնդիրը։
Եվս մեկ տարբերակ է տալքը։ Պարզապես այն քսեք հարվող հատվածներին՝ նախքան հագնվելը։
Դեզոդորանտները նույնպես կարող են օգնել այս խնդրի դեպքում։ Շատերն են այն վաղուց օգտագործում ոչ միայն թևատակերի համար, այլև առատ քրտնարտադրությամբ այլ հատվածների։
Իսկ այ որ արդյունավետ միջոց կարող է լինել կոկոսի յուղը, քչերը գիտեն։ Այն արագ ներծծվում է մաշկի մեջ և ոչ միայն կանխում է հարումը, այլև արագ հանում է մաշկի արդեն եղած գրգռվածությունը։