Էստոնացի գործարար, բնապահպան, սպորտսմեն Ռայներ Նիլվակն իր օրինակով ապացուցել է, որ բիզնեսմեններն ունակ են ոչ միայն գումար աշխատելու, այլև իրենց շրջապատող աշխարհն ավելի լավը դարձնելու:

Ռայներ Նիլվակն էստոնացի հաջողակ բիզնեսմեն է: Հենց նա է Բալթիկայի ամենախոշոր տեղեկատվական պորտալի՝ DELFI-ի հիմնադիրը, Microlink Baltics և Celecure ընկերությունների ստեղծողը: Նա նաև Էստոնիայի բնության հիմնադրամի խորհրդի նախագահն է:

Բիզնեսմենի՝ բնապահպանի կարիերան ձևավորվել է նրա հիմնական գործունեությանը զուգահեռ: Հարցը նրա սկզբունքների մեջ էր: Նիլվակին անհանգստացնում էր մարդկանց՝ հասարակական վայրերում աղբը նետելու սովորությունը:

«Անկեղծ ասած՝ ես աղբ հավաքելու «սիրահար» չեմ, սակայն դրանից փողոցներում այնքան էի հանդիպում, որ այլևս չէի կարողանում տանել: Միայնակ դժվար է պայքարել մարդկանց սովորությունների դեմ: Թվում է՝ կա՛մ հարկավոր է Մարս տեղափոխվել, կա՛մ արագ ինչ-որ բան ձեռնարկել», - ասել է Ռայները:

Շրջակա միջավայրի խնդիրներին Ռայները փորձել է հրավիրել տեղական իշխանությունների ուշադրությունը, սակայն միայն լսել է դատարկ խոստումներ: Այդ ժամանակ Նիլվակը հասկացել է. մարդկանց ոգեշնչել կարող է միայն սեփական օրինակով:

«Դու չես կարող մարդկանց ասել՝ ինչ անել կամ ինչպես անել: Դու պետք է ցույց տաս՝ ինչպես են քեզ անձնապես վնասում մարդկանց արարքները: Եվ միայն այդ ժամանակ նրանք կգան քեզ օգնության ու քեզ ավելի երջանիկ կդարձնեն», - պատմում է գործարարը:

Ռայները հայտնել է իր արտասովոր պլանի մասին. նա՝ պետության մի հասարակ քաղաքացի, կմաքրի ողջ Էստոնիան աղբից մեկ օրում՝ 2008 թ. մայիսի 3-ին: Գործարարին միացան համախոհ չորս ընկեր:

«Առաջին հանդիպման ժամանակ իմ ընկերուհին իր նոթատետրում գրել էր. «Մենք ողջ Էստոնիան կմաքրենք մայիսի 3-ին»: Տեսնելով դա՝ ես մտածեցի, որ ամեն ինչ արդեն պաշտոնական է: Չնայած դա աբսուրդի նման էր հնչում. մենք ոչ մի միջոց չունեին՝ նպատակին հասնելու», - ասում է Ռայները:

Առաջին փուլում նա և իր թիմը սկսել են կազմել մարդկանց ցանկ, որոնք կկարողանային նպատակին հասնելու համար օգտակար լինել: Ցանկում հայտնվել են ընկերների, գործարարների, ծանոթների ազգանուններ: Յուրաքանչյուրին Ռայները անձնապես զանգահարել է և հարցրել՝ ինչքան խենթ է նա, որպեսզի միանա էկոլոգիական ակցիային: Թիմում ներգրավվել է ևս 20 մարդ, որոնցից բոլորը, բացի մեկից, Նիլվակի հետ հասել են իրենց նպատակին:

Ռայները ճիշտ էր. նրա էնտուզիազմին պատասխան՝ մարդիկ սկսեցին զոհաբերել ինչ-որ բաներ: Մաքրությանը մասնակցելու համար մի կին հրաժարվել է հիմնական ախշատավայրում ստացած նվերից՝ դեպի արևադարձային կղզիներ երկշաբաթյա ճամփորդությունից: 650 կամավոր ողջ Էստոնիայից Ռայների գլխավորությամբ կազմակերպված աշխատել են անվճար:

Սակայն ամենից առավել տանջվել է հենց Նիլվակը. նախապատրաստական աշխատանքների վրա նա յոթ ամիս շարունակ ծախսել է օրվա 12 ժամը:

«Մենք այցելել ենք լավագույն փաստաբաններին և ասել, որ մեզ թվում է, որ մենք կկարողանանք ողջ երկիրը մաքրել աղբից, եթե նրանք մեզ լավ աշխատակիցներ տրամադրեն: Համաձայնություն ստանալով՝ ուղևորվել ենք լրագրողների մոտ և առաջարկել մեր նախաձեռնությունը լուսաբանել: Լինում էին օրեր, երբ ես միանգամից հինգ հանդիպում էի ունենում: Սկայպում մեր ընդհանուր խումբը անդադար աշխատում էր յոթ ամիս: Եթե որևէ մեկը հիվանդանում էր, ապա մյուսը զոհաբերում էր իր քունը՝ նախապատրաստության համար», - ասում է Նիլվակը:

2008 թ. մայիսի 3-ի առավոտյան ակցիային մասնակցեց 50,000 մարդ: Նրանք չունեին քաղաքական կարգախոսներ և ագրեսիա, այլ պարզապես ցանկանում էին երկիրը մաքուր դարձնել: Այդ օրն Էստոնիայում հավաքեցին 10 հազար տոննա աղբ:

Ռայների համար անսպասելիորեն՝ «Անելու՛ ենք» ակցիայն վիրուսային տեսնյութի նման տարածում գտավ: Նրան զանգահարում էին աշխարհի տարբեր անկյուններից՝ իմանալու՝ ինչքանով են երևույթի մասին տեղեկությունները ճշմարիտ:

«Մի անգամ ինձ զանգահարեց բրազիլական խոշոր համալսարաններից մեկի դասախոս և ասաց, որ ուսումնական տարին սկսելու է իմ նախաձեռնության մասին տեսանյութով: Իսկ մենք մտածում էինք, որ միայն Էստոնիայի խնդիրն ենք լուծել», - պատմում է բիզնեսմենը:

«Անելու՛ ենք» նախաձեռնությունն ազգայինից վերածվեց համաշխարհայինի: Ակցիային միացել են ավելի քան հարյուր այլ երկիր, որոնք մաքրում են իրենց տարածքներն ու անգամ առավել լավ արդյունքներ են գրանցում: Կենդանի օրինակ է Սլովենիան: Այստեղ ավելի քան երկու միլիոն մարդ է բնակվում, և ակցիային մասնակցել է բնակրության 13%-ը՝ մոտ 240,000 մարդ:

Սլովենիայում ակցիայի հաջողության գաղտնիքը պարզագույն էր: Այն կազմակերպել էին նորապսակները, որոնք մաքրության համրա օգտագործել էին հարսանիքի ժամանակ ստացած ողջ գումարը:

«Կարևոր չէ՝ ինչքան ամուր կապեր ունես կամ հարուստ ես, թե ոչ. եթե ինչ-որ բան զոհաբերում ես, ապա անգամ միայնակ կարող ես ինչ-որ բան փոխել աշխարհում: Միայն հարկավոր է գիտակցել, որ դու դրան արժանի ես» - կարծում է Ռայները:

Ութ տարի առաջ Ռայները պարզապես ցանկանում էր անտառներից ու քաղաքային փողոցներից հավաքել պոլիէթիլենային տոպրակները, իսկ արդյունքում շղթայական ռեակցիայի հիմք դրեց ողջ աշխարհում: Ամեն տարի մարտին Էստոնիայում տասնյակ հազարավոր մարդիկ արդեն առանց Ռայների օգնության հանդիպում են ու յուրօրինակ շաբաթօրյակ կազմակերպում՝ հավաքում են աղբը, ներկում են մանկապարտեզների պատերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել