Վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի (Սամվել Կճոյան) և գործարար Աշոտ Սուքիասյանի «եռամիասնությունը» ազգագրագետ Հրանուշ Խառատյանին հիշեցնում է Մովսես Խորենացու «Ողբ» աշխատությունից «դրվագներ»:

Tert.am-ի հետ զրույցում Հրանուշ Խառատյանը, անցկացնելով պատմական զուգահեռ, նկատեց.«Մի հատ լավ եռամիասնություն են՝ ցույց տալու Հայաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների թե՛ բարոյականության մակարդակը, և թե՛ վարքի նորմերը»:

Հիշեցնենք,որ Hetq.am կայքը հունիսի 27-ին նոր մանրամասներ էր ներկայացրել վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «օֆշորային սկանդալի» վերաբերյալ, որում կրկին շոշափվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունները։ 

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ շատ երիտասարդ տարիքում կարդալով Մովսես Խորենացու «Ողբ»-ը, ժամանակին զարմացել է, թե ինչո՞ւ է քերթողահայրը նման տողեր գրել: 

Հիշեցնենք, որ «Հայոց թագավորության Արշակունյաց ցեղից և եպիսկոպոսության՝ սուրբ Գրիգորի տոհմից դադարելու մասին» աշխատությունում («Ողբ»–ի ամբողջական անվանումը) «թշվառ մանուկ թագավորից, տխմար, ինքնահավան, ոսկեսեր ուսուցիչներից, «դեռ չսովորած՝ աստվածաբան» աշակերտներից, վնասակար զինվորականներից ու այլնից բացի, ողբի մի մեծ բաժին նվիրված է Հայոց աշխարհի հոգևոր-աշխարհիկ դասին:

«Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ»: Կամ՝ «Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։ Վիճակավորները՝ հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող»: Կամ՝« Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։ Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»։ 

Հրանուշ Խառատյանը ավելացրեց.«Էն ժամանակ ես չէի կարող պատկերացնել էդ խնդրի արդիականությունը: Շատ ավելի հասուն տարիքում ու կյանքի փորձով է գալիս դա ընկալելու ունակությունը: Ու, փաստորեն, դա շարունակական է եղել նաև հետագա դարերի համար»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել