Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորման 3-րդ տարի) շրջանակներում ընթանում են Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Լոռու մարզի բնակավայրերով անցնող այս ճանապարհահատվածում կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման վաքերի և մետաղական խողովակների տեղադրման, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի կառուցման, երեք կամուրջների մուտքերի և ելքերի մաքրման, հենարանների ամրացման, թռիչքային կառուցվածքների վերանորոգման, գաբիոնային պատերի կառուցման և այլ աշխատանքներ:

Շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել