Ամուլսարը առերևույթ դուրս է քաղաքական կրքերից, սակայն այն դարձել է Հայաստանի հետհեղափոխական շրջանի գլխավոր մարտահրավերներից և բարդագույն խնդիրներից մեկը, իր անկասկած նաև քաղաքական ազդեցությամբ: Միայն այն, որ արտասահմանյան խոշորագույն այդ ներդրման ճակատագրով բաց տեքստով մտահոգվում է ԱՄՆ դիվանագիտական կորպուսը, վկայում է, թե ինչ նշանակությամբ հարցի մասին է խոսքը:

Լիդիան ընկերությունը Հայաստանում իրականացնելու էր արևմտյան կապիտալի խոշորագույն ներդրում, ինչը էական նշանակություն ունի թե Հայաստանի տնտեսության, թե միջազգային քաղաքական և ներդրումային վարկի համար: Սակայն, համենայն դեպս առայժմ իրավիճակը աշխատում է հակառակ տրամաբանությամբ, ժամանակը պտտվում է Հայաստանին հակառակ շրջանակով:

Այստեղ գլխավորը մեկը չէ, մի քանիսն են՝ մի կողմից երկրի տնտեսական կացությունն ու ներդրումային վարկը, մյուս կողմից ԱՄՆ հետ գործընկերությունը՝ հաշվի առնելով Լիդիանի հարցում Նահանգների շահագրգռությունը, մեկ այլ կողմից սեղանին է հանքարդյունաբերության աննախադեպ բարձր ստանդարտի նախագծի ճակատագիրը, մեկ այլ տեսանկյունից էլ անկասկած կարևորագույն հարց է բնապահպանության ստանդարտը և մեր ջրային ավազանի պաշտպանությունը:

Ամուլսարի խնդրի կարևոր շերտերից մեկն էլ վերաբերում է Հայաստանի հանքարդյունաբերական մյուս հսկաներին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, Ալավերդու պղնձաձուլական կոմբինատին և Թեղուտի հանքավայրին։ Առաջինը հաջողությամբ շարունակում է շահագործումը (եթե չեմ սխալվում կոմբինատը երկրորդ պոչամբարն է որոշել կառուցել)։ Հեղափոխությունից հետո, կասեցված Ալավերդու և Թեղուտի հանքավայրերը, մասնակի սկսել են աշխատել, կա հավաստիացում, որ դրանք ամբողջությամբ [վերա]գործարկվելու են մոտ ապագայում։

Ստեղծված իրավիճակը բնական հարց է առաջացնում ամերիկացի գործընկերների մոտ՝ ինչո՞ւ պետք է շրջակա միջավայրին անդառնալի վնաս հասցնող վերոնշյալ հանքավայրերը անարգել շարունակեն շահագործվել, իսկ բնապահպանական նորմերը պահպանելու գործում մեծ միջոցներ և ջանքեր ներդրած Լիդիան-ին բացառություն արվի։

Հայաստանը չի հայտարարել, որ պատրաստվում է զարգանալ առանց մետաղական հանքերի, թեև վճռել է մինչև 2050 թվականը տարեկան 15 միլիոն զբոսաշրջիկ ընդունել, ինչը առկա հանքարդյունաբերության պայմաններում, մեղմ ասած, անհնար է։ Հայաստանի միջազգային գործընկերները ցանկանում են այս հարցում հստակություն։ Եթե Հայաստանի հեղափոխական կառավարությունը ստանձնել է Հայաստանի նախորդ վարչակարգերի միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ուրեմն պետք է բացատրի, թե ինչու է այդ բացառությունը արվում Ամուլսարի դեպքում։

Եվ ի վերջո, հանրագումարում Ամուլսարը Հայաստանի ինքնիշխանության հարցն է:

Որոշումները՝ այս կամ այն, ոչ միայն հեշտ չեն լինելու, այլ նաև չեն անցնելու և ընդունվելու հարթ, որևէ դեպքում: Բայց դրանք պետք են, արդեն հրատապ են, եթե ոչ ուշացած:

Ամուլսարի խնդիրը անկասկած օգտագործել են և կօգտագործեն անտեսանելի ճակատի շատ մարտիկներ, որոնք այսօր երեկը վերադարձնելու համար օգտագործում են ամենաչնչին մանրուքներն անգամ, ուր մնաց լրջագույն այս խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել