Tert.am-ը գրում է.

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ասլանյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՊՏՀ-ում դասախոսների ատեստավորման չափորոշիչներին, նշեց, որ այդ չափորոշիչների մեջ կան կետեր, որոնք իսկապես անհրաժեշտ են դասախոսին, սակայն կան նաև կետեր, որոնք այնքան էլ էական ու պարտադիր չեն:

«Արդյունքում՝ ստացվում է այնպես, որ մաթեմատիկոսը կարող է հաղթահարել և դառնալ տնտեսագիտության դասեր պարապող դասախոս կամ լեզվի մասնագետը կարող է դառնալ տնտեսագիտության դասախոս, որը հաղթել է և՛ լեզվի, և մենեջմենթի ամբիոնի չափորոշիչները»:

Ասլանյանը նշեց, որ ատեստավորման համար սահմանված 13 հարցի մեջ կա օտար լեզվի վերաբերյալ 2 կետ՝  անգլերենի իմացության և անգլերենով դասավանդելու մասին: Վերջինն այնքան էլ հասկանալի չէ Ասլանյանի համար. ասում է՝ անգլերենով դասավանդելու փորձի նպատակը ո՞րն է, եթե դասախոսը պետք է դասավանդի հայկական բուհում:

«Մենք սեպտեմբերի 1-ից լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու, որովհետև եղել են դեպքեր, երբ մրցույթով անցած անձինք, որոնք իմացել են, որ 50-60 հոգու առաջ պետք է դասավանդեն, հրաժարվել են դասավանդումից: Տնտեսագիտական գիտությունների դոկտորներից մեկը, որը պաշտպանել էր ատենախոսություն բանկային ֆինանսական գծով, դիմել էր երկու ամբիոնի՝ և՛ ֆինանսների ամբիոնում, և՛ «բանկային գործ» ամբիոնում դասախոսելու համար: Ինքը ֆինանսներում անցել է, ըստ հանձնաժողովի տվյալների, իսկ բանկային գործում, որտեղ նա դոկտորական թեզ է պաշտպանել, չի անցել: Աբսուրդ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ ատեստավորումը չանցած դասախոսների աշխատությունները տնտեսագիտության համար որևէ լուրջ արժեք չեն ներկայացնում, Ասլանյանն ասաց՝ սա լուրջ մեղադրանք է հայկական տնտեսագիտության հանրության, գիտնականների հասցեին.

«Նա, ելնելով իր աշխատանքից, թե ինչպես է գրել դոկտորական իր ատենախոսությունը, չափում մյուսներին ու գնահատում: Ինչպե՞ս կարելի է էդպիսի կարծիք հայտնել 99 տոկոս գիտնականների մասին: Ինքը, որ ակնհայտ արտագրություններ է արել, իր աշխատանքը համարում է մեծ արժեք ունեցող»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել