Antifake.am-ը գրում է.
Օգոստոսի 7-ին BBC-ի ռուսական ծառայության կայքում հրապարկվեց «Ո՞վ է կրակել ցուցարարների վրա Երևանում 2008 թվականին. քննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատին» (Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха) վերնագրով հոդված և դրան կից՝ «Ցույցեր Հայաստանի մայրաքաղաքում. BBC-ին տեղեկացել է, թե ով է հրաման արձակել կրակել ցուցարարների վրա» (Протесты в столице Армении: Би-би-си узнала, кто руководил расстрелом демонстрантов) վերնագրով ռեպորտաժ։ Հոդվածի և ռեպորտաժի հեղինակը հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանն է։
Հոդվածը միանգամից տարածվեց հայկական լրատվամիջոցներում և քննարկումների առարկա դարձավ։ Որոշ լրատվականներ անմիջապես կազմակերպեցին հոդվածի մասնակի թարգմանությունը, սկսեցին վերլուծական հոդվածներ հրապարակել BBC-ի նյութի հիման վրա և դրանք տարածել իրենց բոլոր հարթակներով։ Ամենակողմնակալ թարգմանություններն ու մանիպուլացնող վերնագրերը հայտնվեցին իշխանական քարոզչամեքենա հանդիսացող լրատվականներում, որտեղ թմբկահարվող հիմնական միտքը հետևյալն էր. «BBC-ի տրամադրության տակ են հայտնվել նախաքննական նյութեր, որոնցից պարզ է դառնում, որ Օգանովսկին է հրամայել կրակել Մարտի 1-ի տասը զոհերի վրա»։
BBC-ի հոդվածի բովանդակության, տարածման ինտենսիվության, տարածման շրջանակների, թարգմանությունների բովանդակությունների և վերնագրերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ BBC-ին նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրումն ու հրապարակումը և ներհայաստանյան շրջանակների արձագանքները ի սկզբանե կազմակերպված են և ուղղորդվում են, ինչի համար գործի է դրվել իշխանական ողջ քարոզչամեքենան, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ իշխանությունն անմիջական կապ ունի նաև տեղեկությունների արտահոսքի հետ։
BBC-ի հոդվածը. «Ո՞վ է կրակել ցուցարարների վրա Երևանում 2008 թվականին. քննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատին»
BBC-ի հոդվածի թե՛ վերնագիրը և թե՛ բովանդակությունն ի սկզբանե մանիպուլացնող են։
Եվ այսպես, ինչպես տեղեկանում ենք հոդվածից, BBC-ի տրամադրության տակ են հայտնվել Մարտի 1-ի գործով նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություններ, մասնավորապես, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի՝ նախորդ տարվա օգոստոսի 15-ի ցուցմունքների արձանագրությունների կրկնօրինակները։
Քննարկվող հոդվածի հեղինակ Գրիգոր Աթանեսյանը, իր ձեռքի տակ ունենալով ցուցմունքների արձանագրությունները, հանրության համար հասանելի է դարձրել այն հարցադրումները (կամ ինչպես ինքն է նշում՝ «պնդումները»), որոնք արել է նախաքննության մարմինը Սամվել Կարապետյանի հարցաքննության ժամանակ։ Հեղինակը, չնայած նրան, որ անընդհատ հղում է անում նախաքննության մարմինների «պնդումներին», այնուամենայնիվ, նյութը կառուցել է այնպես, որ ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվի, որ նախաքննության մարմինների հարցաքննության ընթացքում արված «պնդումներն» ու հարցադրումները բացարձակ ճշմարտություններ են և արդեն իսկ հաստատված փաստեր։
Մինչդեռ, նախաքննության մարմինները ցուցմունքներ վերցնելու համար կարող են անել հարցադրումներ տարբեր հարցերի պատասխաններ ստանալու համար, որոնք կարող են հերքվել ցուցմունք տվող անձի կողմից։ Այս դեպքում, ի դեպ, այդպես էլ եղել է։ Մարտի 1-ի տասը զոհերի վրա կրակելու հրաման արձակելու մասին հարցադրումը հերքվել է Կարապետյանի կողմից, որը BBC-ի նյութում տեղ է գտել ընդամենը մեկ նախադասությամբ։
Էլ չենք խոսում այն մասին, որ փաստերը հաստատվում են բացառապես դատարանի կողմից՝ գործում առկա բոլոր նյութերի համակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրության հիման վրա։
Ուստի՝ հեղինակի մոտեցումը և Սամվել Կարապետյանին ընթերցողի աչքում տասը զոհերի վրա կրակելու կազմակերպիչ դարձնելը ոչ այլ ինչ է, քան ձեռքի տակ հայտնված նյութերի հիման վրա մանիպուլյացիաներ անելու ակնհայտ դիտավորություն և անմեղության կանխավարկածի կոպիտ ոտնահարում։
Բացի այդ, քանի որ հեղինակը նշում է, որ իր ձեռքում է հայտնվել Սամվել Կարապետյանի ցուցմունքների արձանագրության կրկնօրինակը, հարցաքննության և կազմվող արձանագրության մասին թեկուզ մի փոքր պատկերացում կամ տրամաբանություն ունեցողի համար ակնհայտ է, որ ցուցմունքների արձանագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն նախաքննության մարմինների հարցադրումները, այլ նաև ցուցմունք տվողի պատասխաններն այդ հարցադրումների վերաբերյալ։ Մինչդեռ Գրիգոր Աթանեսյանը հանրությանն է ներկայացրել միայն նախաքննական մարմինների հարցադրումները (կամ ինչպես ինքն է ասում՝ պնդումները), իսկ Սամվել Կարապետյանի ցուցմունքները «վրիպել են» հեղինակի աչքից։ Այսինքն, թե նախաքննության մարմինների հարցադրումներին Սամվել Կարապետյանի կողմից ինչ պատասխաններ են հնչել (հերքում, հաստատում, պարզաբանում և այլն), «խնամքով թաքցվել է» ընթերցողից և ամբողջացվել մեկ՝ «Սամվել Կարապետյանը հերքել է այդ ամենը» նախադասությամբ։ Սա ևս վկայում է հեղինակի կողմից հոդվածը դիտավորյալ կերպով միակողմանի ներկայացնելու և Սամվել Կարապետյանին տասը զոհերի մահվան մեջ մեղադրելու ակնհայտ դիտավորության մասին։
BBC-ի հոդվածում տեղ գտած մանիպուլյացիաներին առավել մանրամասն անդրադարձ է կատարված մեր հոդվածի վերջում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ