Երբ կապիտալիստական երկրում, որտեղ գերիշխում է արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը, թոշակառուն բողոքում է, որ թոշակները ցածր են, դա լիովին տրամաբանական է, բայց երբ երիտասարդն է բողոքում, որ աշխատանք չկա, աշխատավարձը քիչ է, սա արդեն անտեղի է, քանզի <<կապիտալիստական>> պետության խնդիրը չէ քաղաքացիների համար ստեղծել աշխատատեղ։ Ինչ-որ մի այլ բնորոշում է պետք գտնել արևմտյան որոշ երկրների, այդ թվում և ԱՄՆ-ի համար, որոնք համարվում են ազատ <<մրցակցության>> և պետական վերահսկողության միասնական համակարգեր, սակայն նույնիսկ այդ երկրներում պետությունը չի կառուցում գործարաններ և ստեղծում աշխատատեղեր։ Այնուամենայնիվ, արևմտյան այդ մի քանի պետությունները ստեղծել են օրենսդրական այնպիսի դաշտ, որը հնարավորություն է տալիս նախանձախնդիր և լրջախոհ ցանկացած քաղաքացու ունենալ աշխատանք՝ կլինի դա սեփական գործ, թե աշխատանք, կարևոր չէ։ Ընդ որում, այդ երկրներում տիրում է օրենքի դիկտատուրա, որն այդպես էլ չեն ցանկանում հասկանալ մեր երկրի ոչ քաղաքական գործիչները, ոչ էլ հասարակությունը։ Խնդիրը, ուրեմն, այն է, թե ինչպիսի պետություն ենք մենք ցանկանում ստեղծել։ Մինչ այժմ գոյություն ունեցող բոլոր կառավարությունների <<ստեղծած>> պետությունները եղել են ոչ սոցիալիստական, ոչ կապիտալիստական։ Դրանք պարզապես եղել են իշխանապետություններ՝ զուրկ հստակ գաղափարախոսությունից և համընդհանուր կամ ազգային նպատակից, որոնք, ըստ էության, բոլոր ոլորտներում սերմանել են քաոս՝ բյուջեն ավելի հեշտությամբ դատարկելու համար։ Բնականաբար, այսօր վիճակը գնալով ավելի է վատանում, քանզի պետական, այսինքն՝ քաղաքական և տնտեսական ճգնաժամն այսօր ուղեկցվում է բարոյական ճգնաժամով, երբ ժողովրդին փորձում են պարտադրել մարդկայնորեն անընդունելի բարքեր՝ միաժամանակ ամբոխին մասնակից դարձնելով քաղաքականությանը, որը պետությունը կազմաքանդելու ամենակարճ ճանապարհն է, և որին դիմում են, երբ պարզապես չգիտեն ինչ անել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: