Հայաստանը միայն Երևանը չէ: Այլ քաղաքներում ու գյուղերում նույնպես կյանք կա, և այդ կյանքը շատերի համար բարդ է:
Եթե մենք իսկապես ցանկանում ենք փոխել մեր կյանքը, ուրեմն պետք է ստեղծենք համապատասխան ենթակառուցվածքներ՝ Հայաստանի հավասարաչափ զարգացման համար:
Աշխարհի ամենաիդեալական իշխանությունը կամ անգամ ամենաժողովրդավար հեղափոխականը չի կարող միայնակ լուծել պետության բոլոր խնդիրները:
Բազմաթիվ կարևոր հարցեր լուծվել և լուծվելու են տեղերում, ավելի ցածր օղակներում, ուստի շատ կարևոր է, թե ովքե՞ր են տեղերում իրականացնելու այն փոփոխությունները, որոնց մասին խոսվում է իշխանափոխությունից հետո:
Քիչ առաջ ուսումնասիրում էի Հայաստանի քաղաքային իշխանությունների կազմը:
45 քաղաքներից /Խոշորացված համայնքներից/ 40-ի ղեկավարներն ընտրվել են մինչև 2018թ. իշխանափոխությունը, բացառությամբ Աբովյանի քաղաքապետի, ով այս տարի վերընտրվել է:
Միայն Արմավիր, Էջմիածին, Հրազդան, Վարդենիս և Կապան համայնքների ղեկավարներն են ընտրվել իշխանափոխությունից հետո:
Իսկ մնացած բոլոր քաղաքների՝ Գյումրու, Մարալիկի, Արթիկի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Վայքի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի, Եղվարդի, Ծաղկաձորի, Չարենցավանի, Նոր-Հաճնի, Բյուրեղավանի, Աբովյանի, Թումանյանի, Վանաձորի, Այրումի, Սպիտակի, Տաշիրի, Ալավերդիի, Ստեփանավանի, Ախթալայի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի, Մեծամորի, Արարատի, Արտաշատի, Մասիսի, Վեդիի, Թալինի, Աշտարակի և Ապարանի քաղաքապետերը /Համայնքների ղեկավարները/ ՛՛ընտրվել՛՛ են նախորդ քաղաքական իշխանության կառավարման ընթացքում, այդ քաղաքական ռեժիմի սահմանած խաղի կանոնների արդյունքում: 
Նրանցից ոմանք քաղաքապետ են դարձել ուղղակիորեն Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, նախկին գլխավոր դատախազի, նախկին որոշ ֆեոդալ-մարզպետների, հանցագործ աշխարհի վառ ներկայացուցիչների և օլիգարխների ՛՛Դաբրոներով՛՛՝ ժամանակի ընտրական խաղի կանոններին համապատասխան՝ դառնալով նախկին քաղաքական ռեժիմի հենասյունը:
Այս համատեքստում ինձ համար ուղղակի հետաքրքիր է, երբ Նիկոլ Փաշինյանը կազմում էր իր Ստեփանակերտյան ելույթի ՛՛Մինչեւ 2050 թվականի Հայաստանի ռազմավարական նախագծի՛՛ հատվածը և այդպես շռնդալից ելույթ էր ունենում, իսկապե՞ս հավատում էր, որ այսպիսի համայնքային իշխանությամբ հնարավոր է հասնել իր իսկ պատկերացրած Հայաստանի կառուցմանը…
Գոնե մինչև այս պահը այս մարդիկ իշխում են շատ հանգիստ ու շատ վստահ՝ հավակնելով, որ կշարունակեն ՛՛ծառայել՛՛ նաև Հայաստանի հաջորդ ղեկավարներին…
Ավելի՛ն, այնպիսի տպավորություն է, որ իշխանությունն էլ դժգոհ չէ այսպիսի ՛՛համավոր՛՛ ՏԻՄ համակարգի գոյությունից…

Վիլյամ Սարոյանն ասում էր. ՛՛Ես ոչ ոքի չեմ դիմում, բայց ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան սխալ է՛՛:

Հ.Գ. Տվյալները վերցված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքից:

Հ.Գ. Խնդրում եմ չհիշեցնել ՏԻՄ համակարգի ինքնուրույնության և ընտրովիության մասին: Այդ տրամաբանությամբ Երևանի ավագանին էլ էր ընտրված, Տարոն Մարգարյանն էլ ընտրված քաղաքապետ, 2017թ. ապրիլին ձևավորված Ազգային Ժողովն էլ էր ընտրված, Սերժ Սարգսյանն էլ էր ընտրված վարչապետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել