Armdaily.am-ը գրում է.

Ավելի քան երկու ամիս առաջ Սեւանի մայրուղու վրա Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքով նոր զարգացումներ կան։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը եւ Քարվաճառի նախկին քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը ազատ են արձակվել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանի կողմնակիցներն են՝ Մարտակերտի եւ Քարվաճառի կուսակցական գրասենյակների լիդերները։

Եւ քանի որ վերջին շրջանում Սամվել Բաբայանն ու Արայիկ Հարությունյանը սերտ շփվում են, ընդհուպ հրապարակային հանդիպումներ ունենում եւ մեզ հասած տեղեկություններով՝ քննարկում իշխանության բաժանման հարցը, ուստի խիստ տրամաբանական է դառնում քրեական գործով նման ելքը։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հայտնել էր, որ կատարվածը երկու խումբ մարդկանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել