Երեկ՝ ընդամենը մեկ օրում՝ Հնդկաստանը սահմանադրական փոփոխություն կատարեց և վերացրեց 370 հոդվածը, որով Պակիստանի հետ վիճելի տարածք Ջամմու և Քաշմիր շրջանները ինքնավարություն էին վայելում: Քաշմիրը կառավարվում էր Հնդկաստանի կողմից, բայց բնակչության գերակշիռ մեծամասնությունը մահմեդականներ են, որոնք իրենք իրենց պակիստանցիներ են համարում: Հնդկաստանի այդ քայլին կտրուկ արձագանքել է Պակիստանը և ռազմական սպառնալիքներ հնչեցրել:

Հնդկաստանում իշխանության է ազգայնական ուժ՝ վարչապետ Նորենդրա Մոդիի գլխավորությամբ, որը ջախջախել է Հայաստանի իշխանության կուռք հանդիսացող (որի մոդելով էին և են իրենց իբրև թե հեղափոխությունը պատկերացնում իմքայլականները) Մահաթմա Գանդից սերող «խիստ չափավոր», «խիստ քաղաքակիրթ» և դանդաղաշարժ Կոնգրես կուսակցությանը և վայելում է հնդիկների նոր սերնդի ահռելի և կարևոր աջակցությունը:

Հնդկաստանն ու Պակիստանը երկուսն էլ միջուկային տերություններ են: Ընդ որում որոշակի ռազմական առավելություն ունի Պակիստանը: Եվ եթե դրան գումարենք գրեթե ողջ սուննի մահմեդական աշխարհի անվերապահ աջակցությունը, ինչպես նաև ներպակիստանյան ծայրահեղական իսլամիստների՝ կռվելու անկոտրում տենչանքը, կստանանք զգալի խնդիրների հնարավորություն Հնդկաստանի համար: Սակայն Հնդկաստանի վիճակն առավել բարդ է մեկ այլ պատճառով: Իր փաստացի վերահսկողության տակ գտնվող տարածքում Կարաչին մշտապես առավել մեծ ազդեցություն ունի քան Դելին, իսկ բնակչության գերակշիռ և ճնշող մեծամասնությունը մահմեդականներ են:

Չնայած դրան՝ Հնդկաստանը գտավ, որ առաջանալիք խնդիրները ստորադասվում են իր ազգային-պետական շահին և հասկանալով, որ Մահաթմագանդիական վարվելակերպը տվյալ պարագայում հիմարություն կլիներ՝ գնաց այս կտրուկ քայլին: Հնդկաստանի քայլը դատապարտել է Պեկինը, որ սահմանային բազում վեճեր ունի Դելիի հետ: Մի շարք այլ ուժեր նույնպես զերծ չեն մնացել քննադատություններից: Հնդիկներին դա, սակայն, չի հուզում: Ազգային, պետական շահը վեր է ամեն ինչից:

Դեմագոգիան, երբ ամեն համեմատության պարագայում ասում է թե «բայց դա այս կամ այն հզոր երկիրն է, իսկ ի՞նչ է փոքրիկ Հայաստանը, մենք չենք կարող մեզ նման բաներ թույլ տալ»՝ հաշվարկված է պրիմիտիվ մտքերի համար: Հնդկաստանն ու Պակիստանը միմյանց հանդեպ նույնպիսի հարաբերակցություն ունեն՝ ինչպիսին Հայաստանն ու Ադրբեջանը: Ընդ որում՝ Հնդկաստանը Քաշմիրում գոյութենական խնդիր չունի, իսկ Արցախում վճռվում է ողջ Հայաստանի և Երևանի ճակատագիրը:

«Միացում»-ը փուլային դարձնելու, վնասակար, Արցախի անկախության հանցավոր, դավաճանական գաղափարի չիրականանալիք, բայց ոմանց համար ենթադրյալ իրականանալուց հետո քարոզելու գործունեությունը ապազգային է և հակապետական: ԼՏՊ-ի կողմից հորինված այդ թեզը չի կարող ընդունելի լինել որևէ հայի, որևէ պետական մտածողություն ունեցող անհատի համար: Հասարակության մի մաս մոլորյալ է, բայց չի կարող, իրավունք չունի մոլորյալ լինելու պետական իշխանությունը:

Հիմա, երբ վարչապետ Փաշինյանը, տուրք տալով ժողովրդահաճությանը, ինքն իրեն անկյուն է մղել և սեփական թակարդը նետել՝ հայ ժողովուրդն ուղղակի պարտավոր է նրանից պահանջել ոչ թե հանրահավաքային էժան հնարքի վերածել միացման գաղափարը, այլ շարժվել իսկական և ուղղակի միացման ճանապարհով:

Փաշինյանը դա վստահաբար չի անելու: Չի անելու, որովհետև պատկերացում չունի, տեսլական չունի, գաղափար չունի, ցանկություն չունի և կամք չունի: Փոխարենը դա պետք է մենք ունենանք և այս իշխանությունից հանրային հաշիվ պահանջենք՝ երեսուն տարի առաջ թույլ տրված հանցանքը չուղղելով՝ իր պարտականությունները չկատարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել