Pastinfo.am-ը գրում է.

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Էդգար Խուրշուդյանն իրեն աշխատանքից ազատելը պայմանավորում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարաբերությունների սրմամբ:

‹‹Դա ակնհայտ էր: Վարչապետի որոշում է եղել, բայց ամբողջ գործընթացը Թորոսյանի հետ հարաբերություններից է սկսվել››,-այսօր ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի որոշմամբ՝ Էդգար Խուրշուդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Մինչ այդ՝ օգոստոսի 2-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա խոսել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին՝ փաստացի չհերքելով, որ նախարարն իրեն ասել է «պասլատ անեիր» քաղաքացուն։

Խուրշուդյանը ‹‹Փաստինֆո››-ին հայտնեց՝ 2 շաբաթ առաջ արդեն ստացել էր ծանուցումը, որի համաձայն ազատվելու է աշխատանքից:

‹‹Որպես հիմք գրված էր մասնագիտական պարտականությունները ոչ լիարժեք կատարելը, որը շատ կասկածահարույց էր››,-ասաց Տեսչական մարմնի նախկին ղեկավարը:

Նա հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին, նշելով, որ հնարավոր է առաջիկայում հանդես գա ասուլիսով, որի ժամանակ էլ կներկայացնի բոլոր մանրամասները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել