Դեռ գազի թանկացման «աչքալուսանքը» չէինք հասցրել մարսել, երբ ռազմավարական դաշնակցի կողմից երկու այլ «անակնկալներ» մատուցվեցին. Ադրբեջանին ռուսական զենք վաճառվեց, և պարզվեց, որ ռուսական «Գազպրոմը» ցանկանում է դառնալ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 100 տոկոսի միակ տերն ու տնօրենը: «Գազպրոմի» մամուլի ծառայությունը հունիսի 17-ին հաղորդագրություն տարածեց, որ Մոսկվայում` «Գազպրոմի» գլխամասային գրասենյակում, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև: Իսկ քննարկված հարցերից մեկն էլ, ըստ հաղորդագրության, վերաբերում է «Հայռուսգազարդի» բաժնեմասերին. կողմերը քննարկել են «Հայռուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը 100 տոկոսի հասցնելու հարցը: Ո՞ւր կուղղվի «Հայռուսգազարդի» բաժնեմասից ստացվող գումարը «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 80 տոկոսն արդեն «Գազպրոմինն» էր, իսկ 20-ը` դեռ ՀՀ կառավարությանը: Փաստորեն, «Գազպրոմն» այդ 20 տոկոսը ևս պետք է վերցնի: Դեռ ամիսներ առաջ, երբ հայտնի էր, որ Ռուսաստանը բարձրացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, իսկ ներքին սպառման համար գազի սակագինը չի փոխվել, ակնհայտ էր, որ Հայաստանը պարտքեր է կուտակում «Գազպրոմի» նկատմամբ: Այդ ժամանակ արդեն կանխատեսումներ էին արվում, որ այդ պարտքի մարման տարբերակներից մեկն էլ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսներին զիջելն է: Բայց ՀՀ-ի 20 տոկոսը «Գազպրոմին» զիջելու մեկ այլ պատճառ էլ կա. ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ գազի գնի 30 տոկոսն ինքը պատրաստ է սուբսիդավորել: Իսկ դա միայն մեկ տարվա համար 140-150 միլիոն դոլարի գումար է պահանջում: Սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարները հայթայթելու մի քանի տարբերակներ կային: Այսպես, արտաքին պարտքը ավելացնել. նշվում էր, որ եվրոպացիները պատրաստ են այդ միջոցները հատկացնել Հայաստանին, միայն թե Հայաստանը «գազային ճնշման» ազդեցությամբ չկողմնորոշվի դեպի Մաքսային միություն: Երկրորդ` կառավարությունը նշում էր, թե բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ այդ 30 տոկոս ավելացումները սուբսիդավորելու համար Ռուսաստանից դրամաշնորհ ստանալու տարբերակի մասին: Ու հիմա հանկարծ իմացանք, որ իրատեսական ու ռեալ բանակցություններ ընթանում են «Հայռուսգազարդն» ամբողջությամբ ռուսներին հանձնելու վերաբերյալ: «Հայռուսգազարդի» կանոնադիր կապիտալը 2011 թ. վերջին կազմել է 312 մլրդ դրամ, որից փաստացի կառավարության մասնաբաժինը 6,24 մլրդ դրամ է` մոտ 150 մլն դոլար: Ուշագրավ է, որ «Հայռուսգազարդում» կառավարության բաժնեմասը գումարային արտահայտությամբ գրեթե այնքան է, որքան անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը սահմանին սուբսիդավորի ռուսական գազի` 1000 խմ-ի համար 270 դոլար գնի 30 տոկոսը: Թերևս հենց այդ գումարներն էլ ուղղվելու են սուբսիդավորմանը, թեև վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ սուբսիդավորման համար Ռուսաստանը դրամաշնորհ է հատկացնելու: Եթե դրա դիմաց տալիս ենք «Հայռուսգազարդի» 20 տոկոսը, ապա դա այլևս դրամաշնորհ չէ, այլ հասարակ առուծախ: Հունիսի 20-ին ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս հարցի կապակցությամբ ասել է, թե կառավարությունը մինչև ամսվա վերջը կավարտի բանակցությունները «Գազպրոմի» հետ: «Սեղանին կա դրված նաև բաժնետոմսերը «Գազպրոմ» ընկերությանը հանձնելը, իհարկե, համարժեք որևիցե ճիշտ լուծում կգտնենք իրենցից ստանալու: Բանակցություններն ընթանում են, բայց բաժնետոմսերի գների վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ չկան, սակայն Հայաստանն ունի նաև այլ գնորդներ: Եթե գործարքը ձեռնտու լինի Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, ապա կիրագործվի: Ոչ ոք մեզ դա չի պարտադրում և չի պնդում, որ անպայման կատարվի»,- ասել է Մովսիսյանը` նշելով, որ բաժնետոմսերի վաճառքը բացառապես տնտեսագիտական հարց է և չպետք է այն կապել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հնարավորության հետ: Մովսիսյանը նաև նշել էր, որ եթե անգամ ռուսական կողմը «Հայռուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր դառնա, իրավիճակը չի փոխվի, քանի որ համաձայն ՀՀ օրենսդրության` երկրում էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը լիցենզավորվող ոլորտներ են: Հետևաբար, կարևոր չէ` ով է բաժնետերը, քանի որ աշխատելու են Հայաստանի տրամադրած լիցենզիայով: Բայց այս հարցի քաղաքական ու տնտեսության դիվերսիֆիկացման ասպեկտներն անտեսելն անհնար է: Երբ պատկերացնում ենք, որ հայկական կողմը, վերջիվերջո «Հայռուսգազարդի» իրեն պատկանող բաժնեմասն էլ է վաճառելու ռուսական կողմին, մի հարց է առաջանում. բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը կորցնելու դեպքում ռուսական կողմը չի՞ կարող ամեն տարի բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Էներգետիկայի նախարարը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին, նշել էր. «Խնդիրն այնպես չի դրված, որ մյուս տարի ինչ ուզեն, այնպես անեն: Բանակցությունները հենց նրա համար են, որ ինչ ուզեն, չանեն, այլ երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահովված գազամատակարարում ունենանք»: Որ 5 տարի գազի թանկացում չլինի՞ Այս մասին առավել մանրամասն «բերնից թռցրեց» ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշելով, թե պարզապես բանակցություններ են ընթանում, որ 20 տոկոսն էլ վաճառվի ու այդ վաճառքի պայմանագրում նշվի, որ առաջիկա 5 տարիներին էլ գազի գնի փոփոխություններ չեն լինելու: «Իմ ինֆորմացիայով` դա հնարավորություն կտա, որ գոնե առաջիկա 5 տարիներին գազի գները չփոփոխվեն: Առավել ևս` թե՛ «Հայռուսգազարդը», թե՛ մեր 20 տոկոսը այս տարիների ընթացքում զրոյական եկամուտ են ստացել. ինչ եղել է` ներդրվել է ծառայությունների համար: Այսինքն` ոչ մեկը շահույթ չի ստացել: Դա մեր գազը չէ, մենք կարող ենք 5 տարի հետո էլ ասել, որ «Հայռուսգազարդը» մեզ այլևս պետք չէ, մենք էլ գազ չենք ուզում: Դա մեր իրավունքն է»,- նշեց Գալուստ Սահակյանը: Կառավարության «թեթև ձեռքով» վերջին 15 տարիներին Հայաստանի արտաքին անվտանգության կախվածությունը Ռուսաստանից այնքան մեծ է, որ միայն գազի գործոնով չէ, որ ռուսները կարող են օգտագործել` Հայաստանին իրենց ցանկացած որոշումների կատարումը ստիպելու համար: Մեր իշխանությանը կարող ենք մեղադրել այն բանի համար, որ չեն կարողանում ռազմավարական գործընկերությունը ըստ էության իրականացնել` դրա էությանը հավատարիմ մնալով: «Մենք էլ գնանք ու ասենք, որ դուք մեր ռազմավարական գործընկերներն եք, ինչի՞ եք այսպես անում և ա՞յլն. բայց մենք այդ ճանապարհով չենք գնալու, քանի որ Ռուսաստանը մեր տերը չէ, այլ ընդամենը մեր ռազմավարական գործընկերն է: Մենք չենք գնա քաղաքական այն ճանապարհով, որ ինչ-որ տեղ Ռուսաստանը զիջումների կողմ լինի, իսկ մենք այդ զիջումներից օգտվող,- այս կապակցությամբ ասում է Գալուստ Սահակյանը, հետն էլ ավելացնում, թե ռազմավարական դաշնակից չի նշանակում, որ իրենց պետական կարիքների հաշվին մեկ այլ պետության պետք է ինչ-որ զիջումներ անեն:- Ռազմավարական դաշնակիցը հավասարը հավասարի հետ գործընթացներ են: Ռուսաստանն անկախ երկիր է, և իր ռազմավարական շահերն ինչ ճանապարհ թելադրեն, այդ ճանապարհով էլ պետք է գնա: Որևէ պետություն իր քաղաքական շահերը որևէ պետության ո՛չ զիջում է, ո՛չ էլ թողնում է»: Տրամաբանությունը պարզ է` ՀՀ ղեկավար «էլիտան» իր «էլիտար» բարձունքից չի իջնի ու «ինչ-որ ռուսաստաններից» բան խնդրի: Բայց հետաքրքիրն այն է, որ եթե իշխող կուսակցության փոխնախագահն է «հավասարը հավասարի գործընթացներից», պետական շահից խոսում, ապա ինչո՞ւ իր կուսակցությունն այդ նույն սկզբունքներով քաղաքականություն չի վարում: Օրինակ` այն ժամանակ, երբ «հավասար» գործընկերը բարձրացնում էր գազի գինը կամ պահանջում մտնել Մաքսային միություն և կամ իրեն վաճառել ստրատեգիական նշանակության հիմնարկի վերջին մասնաբաժինը, ինչո՞ւ քայլեր չէր ձեռնարկում իրանական գազի մուտքը մեր երկիր մեծացնելու ուղղությամբ: Իրան-Հայաստան գազամուղը հնարավորություն է տալիս մինչև 2026 թվականը ներմուծվող գազի ծավալները հասցնել 2,2 մլրդ խմ-ի, ինչը բավարար է Հայաստանի ներքին պահանջարկի համար: Սակայն առ այսօր նախատեսվածից մի քանի անգամ ավելի քիչ իրանական գազ ենք ներմուծում, քանի որ Իրան-Հայաստան գազատարի կառավարումն էլ մեր «հավասարը հավասարի» ղեկավարները սիրահոժար հանձնեցին «Հայռուսգազարդին»: Առավել ևս, որ իրանական գազը վերածված է էլեկտրաէներգիայի և փոխանակման գործակիցը հնարավորություն է տալիս պնդել, որ իրանական գազն ավելի էժան է` 70 դրամ 1 խմ-ի դիմաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել