Օրերս Նիկոլ Փաշինյանը հերթական ուշագրավ հայտարարությունն էր տարածել․ «Հպարտ եմ ձեզանով եղբայրներ… ավելի ճիշտ՝ ախպերիկներ: Դուխով», մեկնաբանելով այն լուրը, որ 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15 տոկոսով ավելի քաղաքացի։
Լա՜վ, ինչպե՞ս բացատրենք վարչապետին, որ ամեն բանից չխոսի ու ամեն ինչ չփորձի որպես հեղափոխության ձեռքբերում ներկայացնել․ փողո՞ց փակենք, ասֆալտի՞ն պառկենք, պատի՞ն ինքնածեփվենք, ի՞նչ անենք, որ մեր հորդորին ականջալուր լինի։ Եթե մի բանի անունը պարտադիր ծառայություն է, ախպերիկներով ինչո՞ւ ես հպարտ, դա հո կամավոր ծառայություն չէ, որ ասես մարդիկ հեղափոխական վեհ գաղափարներով տոգորված գնացին ու կամավոր զորակոչվեցին։ Եթե երկրում շեշտակի ներգաղթ անգամ լիներ, ապա նրանց մեջ զորակոչային տարիքի գերեթե մարդ չէր լինի։ Այս մեկ տարվա ընթացքում ինչքան էլ հեղափոխությամբ ոգևորված լինեն մեր հայրենակիցներն ու հավատալով ապագային անցնեին շատ երեխա ունենալու ազգանվեր գործին, ապա դրա արդյունքը կունենայինք 18 տարի հետո։ Ինչի՞ հաշվին է այս 15 տոկոսն ավելացել։ Եթե նրա, որ այլևս զինկոմիսարիատներն ու բժիշկները վախենում են հիվանդությամբ զորակոչիկներին ծառայությունից ազատել, ապա էլի ախպերիկների շնորհքը չէ սա։
Մինչդեռ պետք է ոչ թե հպարտանալ, այլ ամաչել, որ պետբյուջեում գումարներ են ավելանում, ինչի վրա ասես ծախսվում են, իսկ այդքան կարևոր ուղղությամբ աշխատանք չի տարվում, որպեսզի աստիճանաբար պարտադիր ծառայությունը փոխարինենք պայմանագրայինով ու վերջնարդյունքում հանգենք պրոֆեսիոնալ բանակի։ Իսկ որպես հրատապ ու օրախնդիր թեմա՝ որպեսզի սահմանին ժամկետային ծառայողներ չլինեն, այլ՝ փորձառու պայմանագրային ծառայողներ, որ բացի այն, որ ավելի հմուտ կլինեն, նաև զոհեր քիչ կունենանք։ Դրան զուգահեռ վերարտադրողական տարիքի տղամարդիկ են, որոնք բարձր աշխատավարձ ստանալու պայմաններում ամուսնանում են ու իրենց ընտանիքը տեղավորում սահմանային մոտակա բնակավայրում։ Մինչդեռ այսօր նույն այդ տղամարդիկ, սահմանամերձ գյուղերում աշխատանք չգտնելով բռնում են խոպանի ճամփան։ Ահա մի հարց լուծելով, մուլտիպլիկատիվ էֆեկտով լուծում ես բազմաթիվ հարցեր։ Իսկ եթե խնդից գլուխ չես հանում, նայում էս այսօրվա թիվը նախորդից մեծ է, շտապում ես դրանով կիսվել հանրության հետ՝ որպես ձեռքբերում։ Հիմա ի՞նչ՝ դրակա՞ն է համարվելու, որ ամեն զորակոչի 15 տոկոսով ավելացնենք ու գլուխ գովենք, այդ դեպքում ո՞ր պահից ենք սկսելու թվերն իջեցնել ու անցնել պրոֆեսիոնալ բանակի, գոնե ասեք հասկանանք, որ հասկանում եք, թե ինչից եք խոսում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել