Առաջին համաշխարհային պատերազմն իր ժամանակների համար շատ մեծ մասշտաբներ ուներ։ Այն փոփոխությունների է ենթարկել քաղաքակրթությունների չափերը, խլել շատ մարդկանց կյանքեր։

Պատերազմի տարիներին հազվադեպ էր հնարավոր լսել, թե հայերն ու Հայաստանը փաստացի պատերազմի մասնակիցներ են, առավել ևս՝ ողբերգական ճակատագրով։ Այս թյուրիմացության մասին դեռ այն ժամանակ խոսում էր Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Ջեյմս Բրայսը՝ հայ ազգի վաղեմի բարեկամը։ Արտաքին գործերի նախարար դել Բալֆուրին ուղղված իր նամակում նա գրել էր, որ հայերին հարկավոր է ճանաչել որպես պատերազմող կողմ։

«Ես նկատում եմ, որ այս ողջ ժամանակահատվածում հայ ազգն այնքան բան է արել և այնքան է տառապել, որ դա նրան լիարժեք իրավունք է տալիս մեր կողմից ուշադրության ու ցավակցության արժանանալու»,- վերոհիշյալ նամակում գրել է Ջեյմս Բրայսը։

Պատերազմին մասնակցել է շուրջ 300,000 հայ՝ ռուսների, ֆրանսիացիների, ամերիկացիների շարքերից։ Նրանք ֆրանսիացիների հետ կռվել են Սիրիայում և բրիտանացիների հետ՝ Պաղեստինում։ Հայերը նպաստել են ռուսական զորքերի շարժին Կովկասյան դիրքերում՝ մեծ դեր ունենալով Կարինի գրավման գործում։ Միաժամանակ աննկարագրելի վնաս են կրել Ցեղասպանության և մշակույթի ու հայրենիքի ոչնչացման հետևանքով։ Թուրքերն օգտվել են պատերազմական քաոսային իրավիճակից, որպեսզի նրանց ոչ ոք չկարողանա խանգարել բնաջնջել հայերին։

Սակայն կարևորագույն բանը, որ արել են հայերը, Արևելյան Հայաստանը պահպանելն էր։ Այս «սյուժեն» հիմնաքար է հանդիսանում հայոց պատմության համար, քանի որ Սարդարապատում հայերն իրենք իրենց փրկեցին վերջնական ոչնչացումից։

Սակայն սա՝ միայն առաջին հայացքից։ Խորությամբ ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հայերը պաշտպանել են ոչ միայն Կովկասյան դիրքերը, այլև ողջ Ռուսաստանը։ Էրիվանի անկման դեպքում թուրքերը կմիավորվեին թաթարական զորքերին և առանց դժվարության իրենց կենթարկեցնեին Կովկասը, եթե ոչ ավելին։

Ռուսաստանը, որտեղ քաղաքացիական պատերազմ ու համընդհանուր քաոս էր տիրում, չէր կարողանա դիմակայել առանց քաղաքական մեծ կորուստների։ Բաքվում հայերի դիմակայությունը թուրքական զորքերին ևս արժանի է հիշատակման։

Միայն Սարդարապատը ստիպեց թուրքերին վերանայել իրենց ռազմական ռազմավարությունն ու մոտեցումները։ Միացավ նաև Գերմանիան, որը, տեսնելով հայերի դիմադրությունը, նախընտրեց օգտագործել տարածաշրջանը՝ որպես «հումք», այլ ոչ վերածել այն ամայացած անապատի։ Այս մասին Գերմանիան զգուշացրեց նաև թուրքերին։

Այս ամենի հետ մեկտեղ Ջեյմս Բրայսը նշել է ևս մի փաստի մասին․ այն, որ հայերն իրենց վրա են վերցրել Կովկասյան դիրքերում օսմանյան բանակի բոլոր հարձակումները, հետաձգել է թուրքերի հարձակումը Միջագետքի վրա ևս հինգ ամսով։ Այսպիսով մեծ ծառայություն է մատուցվել բրիտանական բանակին, որին հաջողվել է ժամանակին ճիշտ տեղակայվել տարածաշրջանում և ավելի վաղ պատրաստվել պաշտպանությանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ Ջեյմս Բրայսն ու հայկական պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը Եվրոպային կոչ արեցին օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Օգնությունը խոսք տրվեց. խոսք տրվեց որոշել Թուրքիայի ճակատագիրն ու վերականգնել արդարությունը։ Սակայն պատմությունը հետագայում այլ ընթացք ստացավ, և պրագմատիզմն ու շահը հաղթեցին բարոյականությանն ու պատվին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել