Վերջերս հայ էլիտարներից մեկը, որը մշտապես հրավիրվում է էլիտար հարսանիքների, որոնք էլ, իրենց հերթին, դինաստիական են (արդեն շատ վաղուց է, ինչ Հայաստանում էլիտար բալեքը չեն ամուսնանում սովորական բալեքի հետ, բացառությամբ, երևի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի երեխաների), ինձ ասաց, թե՝ այ ախպեր, էն հարսանիքները, որոնց նախագահն էլ է մասնակցում, գրեթե նույն բանն են. նույն հյուրերը, նույն երաժշտությունը, նույն թամադությունը, տարբերվում են միայն հարսն ու փեսան: Այս կապակցությամբ կարելի է ասել, որ Հայաստանում ոչ թե միայն էլիտար հարսանիքներն են նույնը և ենթակա չեն փոփոխության, բացառությամբ հարս ու փեսայի (դրանք էլ որ նույնը մնային, արդեն անոմալիա կլիներ), այլ ամեն ինչը: Օրինակ` Հայաստանի թե՛ պառլամենտը, թե՛ կառավարությունը, թե՛ նրանց ընդունած որոշումները, թե՛ նրանց քաղաքականությունը միշտ նույնն են, տարբերվում են միայն գործող անձինք: Այս մասին այսօր խոստովանեց վարչապետ Սարգսյանը՝ կառավարության նիստում անդրադառնալով տխրահռչակ 14 միլիոն դոլար արժողությամբ դասախոսություններին:

«Մենք մանրակրկիտ տեղեկատվություն տրամադրել ենք զանգվածային լրատվական միջոցներին, բայց այդ թեման նորից շարունակում են շոշափել, ինչ-որ ենթատեքստերով, թե այդ միջոցները փոշիացվել են և այլն: Եվս մեկ անգամ այդ ամբողջական տեղեկատվությունն այսօր կտրամադրվի զանգվածային լրատվական միջոցներին, որպեսզի մենք վերացնենք այն քաղաքական սպեկուլյացիաների հիմքերը, որոնցից շատ հաճախ անարդարացի ձևով օգտվում են ոչ բարեխիղճ լրագրողները»,- ասաց վարչապետը: Նա նաև հիշեցրեց, որ այս ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ պայմանագրերը կնքված են եղել դեռ 2007 թվականին, մրցույթն անց է կացրել ամերիկյան կողմը, իրենք են հաղթողին ճանաչել, իրենք են պայմանագիրը կնքել, իրենք էլ գրանտը տվել են, աուդիտ են իրականացրել, արդյունքներն էլ գնահատել են խիստ արդյունավետ: «Թե ինչ ենթատեքստեր են այստեղ որոնում մեզ քննադատողները, ուղղակի հասկանալի չէ, մեղադրանքի իմաստն ինչում է կայանում, անհասկանալի է»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Ես էլ հիշեցնեմ, որ 2007 թվականին Հայաստանում նախագահ էր աշխատում Ռոբերտ Քոչարյանը, վարչապետն էլ Տիգրան Սարգսյանը չէր (Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանն էին): Եվ իհարկե, արդարացի չէ, երբ մի ողջ երկրի մամուլ ամերիկացիների փողերով կով կթելու խայտառակ դասախոսությունների կազմակերպման համար խայտառակում է մի մարդու, որի օրոք այդ ամենը չի որոշվել:

Այսինքն՝ կով կթելու, ցանկացած այլ ամերիկյան նախագծի (որոնց միակ նախապայմանն այն է, որ հանկարծ այս երկրին օգուտ չբերեն) կամ փող մսխելու այլ ծրագրերի տակ կստորագրի և հավանություն կտա ցանկացած հայ պաշտոնյա: Եվ կկատարի ցանկացած հայ պաշտոնյա: Բացի այդ, ցանկացած ծավալի պետական թալան կամ անհատի կողոպուտ նույնպես կարող է իրականացնել ցանկացած հայ պաշտոնյա: Կարող են փոխվել միայն կատարողները և նրանց զոհերը, ոչ ավելին: Ասենք, Փայլակ Հայրապետյանի տեղում կարող էր հայտնվել Հունան Ավետիսյանը, կամ վարչապետ Սարգսյանի փոխարեն կառավարությունը կարող էր ղեկավարել Հովիկ Աբրահամյանը: Ոչ մի տարբերություն: Հայի բախտ է սա…

Դե, իսկ վարչապետ Սարգսյանի ձեռքը քարի տակ չէ, նա կարող է լայնածավալ այնպիսի հարձակում կազմակերպել իր թշնամիների դեմ, որ նրանք ուղղակի երկրից կփախչեն: Քանզի, իրոք, բարոյական չէ քարկոծել մեկին, որից ոչ մի բանով չես տարբերվում՝ օգտվելով միայն այն առիթից, որ այսօր իր անվան հետ ինչ-որ բան են կապում, իսկ քոնի հետ` ոչ: Հենց այս հարցում է, որ, Շարմազանովի ականջը կանչի, «կամ-կամ»-ը պետք է բացառվի, և պետք է առաջնորդվել «և-և» սկզբունքով: Այսինքն՝ գրեք, որ կով կթելը նաև Ռոբերտ Քոչարյանից է գալիս, կոմպլեմենտար քաղաքականությունն էլ, որն, ի դեպ, ոչ մի բանով չի փոխվել նախագահ Սարգսյանի օրոք, իր մադրիդյան սկզբունքներով և մյուս փորձանքներով, նույնպես Քոչարյանից է գալիս: «Ֆուտբոլային դիվանագիտությունն» էլ ամերիկացիների պարտադրանքն էր, որից Քոչարյանն էլ չէր կարողանա հրաժարվել, քանի որ հենց նրա օրոք Երևանում կառուցվեց աշխարհի ամենամեծ դեսպանատունը, որն, ըստ էության, ռազմակայան է, և հենց նրա օրոք Հայաստան բերվեց ամերիկյան ծովային հետևակը…

Ինչ օրի ենք հասել, որ ամառվա շոգին բան ու գործը թողած՝ ստիպված պաշտպանում ենք Տիգրան Սարգսյանին, մի բան էլ նրան խորհուրդ տալիս և հույս ներշնչում, որ նրա ուժերից վեր չէ իր բոլոր թշնամիներին երկրից արտաքսելը, եթե, իհարկե, Ներսես Երիցյանին դա չհանձնարարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել