Ռուսական С-400 ԶՀՀ-երի խնդրի հետ կապված ամերիկա-թուրքական հակասությունները և դրանց հաղթահարման փորձերը մտնում են պայմանական երրորդ՝ թերևս վերջին փուլ, որը մոտավորապես կարող է տևել մինչև 2020թ․ ապրիլ, երբ, ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավաստմամբ, համակարգերն ամբողջապես կգործարկվեն։
Ընդհանուր առմամբ, այս խնդրով պայմանավորված՝ ամերիկա-թուրքական հարաբերությունների դինամիկան կարելի է բաժանել 3 պայմանական փուլերի։ Առաջինն ընդգրկում է 2017թ․ դեկտեմբերից մինչև 2019թ․ հունիս ընկած ժամանակահատվածը, երբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև նշված համակարգերի վաճառքի գործարքի վերաբերյալ տեղեկատվության տարածումից հետո ամերիկյան կողմն ամեն կերպ փորձում էր տապալել պայմանավորվածությունների կայացումը։ Երկրորդ և ամենաակտիվ փուլը, թերևս, ամենակարճատևն էր՝ 2019թ․ հունիսի 25-ից, մինչև հուլիսի 12-ը, այսինքն՝ Էրդողանի կողմից գործարքից չհրաժարվելու մասին վերջնական պնդումից մինչև համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարման մեկնարկը։ Իսկ ահա հուլիսի վերջից՝ երրորդ փուլում Վաշինգտոնը փորձելու է ամեն կերպ խոչընդոտել Թուրքիայի տարածքում С-400-ների գործարկմանը։ Թե ինչպիսի դինամիկա և արդյունավետություն կունենա գործընթացը, ցույց կտա ժամանակը։
Բայց և այնպես, ակնհայտ է այն իրողությունը, որ նշված խնդիրը, ինչպես անցած 1,5 տարիների ընթացքում, դեռևս շարունակելու է սիրիական հակամարտության շրջանակում 2 գործընկեր պետությունների հակոտնյա շահերի, ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների և մի շարք այլ, ոչ պակաս կարևոր հարցերի շարքում կազմել ամերիկա-թուրքական հարաբերությունների օրակարգի առանցքային բաղադրիչը։