Եթե երկար նստես գետի ափին, կտեսնես, թե ինչպես է այն քշում թշնամուդ դին։
Սուն Ցզի

Մ․թ․ա․ 6-րդ դարի չինացի ռազմական տեսաբան ու մտածող Սուն Ցզիի այս մտքի հետ մեր հասարակության շատ անհամբեր անդամներ կարող են չհամաձայնվել, քանի որ ամեն ինչ ուզում են շատ արագ ու միանգամից։ Բայց կյանքը ցույց տվեց, որ համբերատար չինացիք դարձան շուրջ մեկուկես միլիարդ՝ 9,6 մլն քառ․ կիլոմետր տարածքով, իսկ մենք՝ անհամբերներս, հազիվ երեք միլիոն ենք ու մեր երազանքի ծովից ծով Հայաստանի ընդամենը տասներորդ մասում համեստորեն տեղավորված։ Այնպես չէ, որ չինացիները չեն կռվել՝ հաղթել ու պարտվել, նվաճել ու կորցրել։ Մեր տարածաշրջանն ենք ասում բարդ, նայենք՝ նրանց մոտ ինչ է կատարվել։ 

Իսկ մենք այսօր կանգնել ենք ծանր խնդրի առջև։ Հասարակությունը փոփոխություններ էր ուզում այն աստիճան անհամբեր, որ տևական սպասումը երբ իրականություն դարձավ, շատ չանցած հասկացան, որ սա չէին երազում, ուղղակի ուզում էին լավ ապրել։ Յուրաքանչյուրը կարծում էր, որ կյանքն անարդար է եղել իր հանդեպ, որ կարող էր կապիտալի նախասկզբնական կուտակման փուլում ինքը դառնալ մեծահարուստ, ոչ թե անարժանները։ Շատերը հիվանդագին են տանում, որ հաջողակներն ուրիշներն են, քանի որ համայնավարական Խորհրդային Միության ժամանակ բոլորը հավասար էին։ Եթե ոմանք ավելի լավ էին ապրում, ապա դա խնամքով թաքցնում էին, բայց եկան ժամանակներ, երբ մեկը դարձավ սեփականատեր, իսկ իրեն հավասարը՝ հարևանը, գործընկերը, ստիպված պետք է լիներ նրա մոտ վարձու աշխատող դառնալ։ Այդ փուլը շատ երկրներ անցել են հարյուրամյակներ առաջ, ու ականատեսը չենք եղել նրանց ապրումներին` կարծելով՝ մենակ մեզ մոտ է ցավոտ։

Հիմա արեցինք հեղափոխություն, եթե սա կարելի է հեղափոխություն անվանել, ու ի՞նչ, կացութաձև չփոխվեց, արմատական ու համակարգային ոչինչ չփոխվեց։ Պարզապես լճացած, իրականությունից կտրված մի թիմ հեռացավ, փոխարենը եկավ չտես, անփորձ ու մեծ ախորժակով ուրիշ թիմ։ Փաշինյանը մի շարք գործոններ գունազարդեց, մարդկանց նուրբ թելերի վրա խաղաց ու հանեց պայքարի, ինչպես դա արել են ժամանակին, իսկ ամենագայթակղիչ բանաձևն անգամ երգ ունի դեռ 1888-ից․ «Ով ոչինչ էր, կդառնա ամեն ինչ»։ Բայց մեր պարագայում ոչ բոլոր «ոչինչ»-ները դարձան ամեն ինչ, կնշանակի՝ դժգոհներ ու հիասթափվածներ, ինչքան ուզեք։ Հետագայում պարզվեց, որ մեզանում այս միտքը այլ երանգ է ստացել․ «Ով ոչինչ էր, մնաց ոչինչ, ուղղակի ստացավ ամեն ինչ»։ Բնական է՝ փորձելու են աթոռները կյանքի գնով պահել, քանի որ դժվար չէ պատկերացնել, թե ինչ ագրեսիվ ու դեպրեսիվ կդառնա ամեն ինչ կորցրած ոչինչների մեծ խումբը։ Դրա համար ընտրվել են 5 տարով, բայց հայտարարում են, որ կառավարելու են 40 տարի։ Սա՝ այն դեպքում, երբ նախկինները հենց ասացին, որ դեռ քսան տարի էլ իրենք են ղեկավարելու, մեկ տարի անց իշխանությունը կորցրին։ 

Չինական մեծ պարիսպի շինարարությունը, սկիզբ առնելով մ․թ․ա․ 3-րդ դարից, տարբեր ընդմիջումներով՝ ավերածություններով ու վերականգնումներով, եկել, հասել է մեր օրեր։ Դժվար է պատկերացնել, որ դարերի ընթացքում այդ պատը մշտապես ծառայել է իր նպատակին, բայց ամեն հաջորդ սերունդ քարի վրա քար է դրել, ավերվածը վերականգնել, ու հիմա, եթե ուրիշ դրական նպատակ չունենար այդ պատը, այն ժամանակվանից, երբ այն բացվել է այցելուների համար՝ որպես զբոսաշրջային տեսարժան վայր, հարյուրմիլիոնավոր տուրիստներ են եղել նրա տարբեր հատվածներում։ Ավելին՝ չինացիք կարողանում են պատը ակնարկելով համոզել, որ կարող են իրենց հետ գործ բռնել, բիզնես ծրագրեր իրականացնել, ներդրումներ անել, քանի որ իրենք չեն ջնջում անցյալն ու նոր էջից սկսում, այլ ապահովում են զարգացման շարունակականությունը, այլապես հարյուրամյակներով քսանմեկ հազար կիլոմետր պատ չէին կառուցի։

Իսկ ո՞ր գործարարը ցանկություն կունենա մեր երկրում ներդրում անելու, երբ հեղափոխությունից առաջ երկրի թալանչի գործարարի կերպարը Սամվել Ալեքսանյան էր մարմնավորում, հեղափոխության ժամանակ նա հակահեղափոխական էր, ու Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում բոյկոտել նրա սուպերմարկետները, իսկ այսօր նա օրինակելի գործարար է, բարեխիղճ հարկ վճարող, «սրբադասված» ասպետ։ Ներդրողները գլխապատառ գալու են, որպեսզի մեր երկրում բոյկոտվեն, անարգանքի սյունին գամվեն, վերջում էլ Փաշինյանի քմահաճույքով կա՛մ դառնան ասպետ, կա՛մ հայտնվեն բանտո՞ւմ։ Գործարարն ուզում է իմանալ «խաղի կանոնները», մինչդեռ մեզանում խաղի կանոն չկա՝ ո՛չ լավ, ո՛չ վատ, մեր բիզնես միջավայրն անկանոն ու անհստակ իներցիոն շարժում է հիշեցնում հինը հիմնահատակ մերժելու ֆոնին։

Դե ինչպես չասես․ «Ասա՝ ով է ասպետդ, ասեմ՝ ինչ երկիր ես դու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել