Ադրբեջանի զորահանդեսում ցուցադրված զինտեխնիկան ոչնչով չառանձնացավ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը և ՀՆԽ-ի հրամանատար Վովա Վարդանովը անդրադարձան Ադրբեջանի զորահանդեսում ցուցադրված զինտեխնիկային և հնարավորություններին:
Պետրոսյանցը նշեց, որ հիմնականում տեղի ունեցած զորահանդեսը նախորդից տարբերվում էր նոր տեխնիկական նմուշների ցուցադրմամբ, որոնց մասին շատ էր խոսվել: Նրա գնահատմամբ՝ զորահանդեսը բավական անհաջող էր, ադրբեջանական ԶԼՄ-ները ևս քննադատում են կազմակերպված զորահանդեսը:
«Որոշակիորեն ոչ լավ կազմակերպված էր. իրենք ևս պնդում են, որ մեծ գումարներ էին ծախսվել մի զորահանդեսի վրա, որը հզորությունը չցուցադրեց՝ շեշտը դրվել էր նոր զինտեխնիկայի վրա: Ցուցադրվեց ՌԴ-ից, Թուրքիայից և Իսրայելից ձեռք բերված զինտեխնիկան, որը Հայաստանին առանձնահատուկ կերպով չպետք է վախեցնի, որովհետև այն գումարներով, որոնք Ադրբեջանն է ծախսում վերջին տարիներին զինտեխնիկայի վրա, այնուամենայնիվ՝ չի կարողանում այնպիսի ուժ ստեղծել, որը վախեցնող լինի մեզ համար: Ցուցադրված ցանկացած տեխնիկայի դեմ կարող ենք այսօր պաշտպանվել»,- ասաց փորձագետը:
Վերջինիս խոսքով՝ այդ տեխնիկայով կարելի է հարվածային խմբավորում ստեղծել, իսկ կայծակնային ռազմական գործողությունները կարող են շարունակվել յոթ օր: Ըստ նրա՝ յոթ օրը նույնիսկ շատ է , որպեսզի հայ ազգը համախմբվի վտանգի առջև. հայերը շատ արագ են համախմբվում: Ադրբեջանական կողմը դա հաշվի է առնում, և միջազգային հանրությունը թույլ չի տա երկարատև մարտական գործողություններ:
Վարդանովն ասաց, որ անցանկալի էր այն, որ որոշ զինատեսակներ ռուսական արտադրության էին: «Թուրքերն ունեն զենքեր, որոնց անալոգները մենք չունենք: Մեր դաշնակցի կողմից դա սիրուն բան չէր, դաշնակցի պահվածք չէր, բիզնեսմենի և սրիկա կոմերսանտի պահվածք էր: Եթե Ռուսաստանն Ադրբեջանին տալիս է զենք, ապա համապատասխան անալոգը մեզ պետք է տա: Իսկ կայծակնային պատերազմին պատրաստ լինելու դիտարկմանը համաձայն չեմ: Հեշտ չէ մեզ հաղթելը, Ադրբեջանը Հայաստանից միայն անապատային տարածք կարող է ձեռք բերել՝ այլ բան չի կարող անել»,- ասաց նա:



