«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
- Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Վարշավայում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մենք լիարժեք գնահատական ենք ակնկալում հայ-թուրքական սահմանի փակ լինելու և Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ կապված: Այս խոսքերը կարծես թե պայմանի նման հնչեցին նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման գործընթացից առաջ: Կարծիքներ կան, որ այդպիսով Ս. Սարգսյանը հող է նախապատրաստում այդ գործընթացը կասեցնելու համար:
- Ընդհանուր առմամբ տեսանելի է, որ Հայաստանի իշխանությունների հնարավորությունները պարզ չեն ոչ հյուսիսային մեր բարեկամի, ոչ էլ Եվրամիության հետ: Եվ ակնհայտ է, որ պայքար է գնում այդ երկու կենտրոնների՝ Բրյուսելի և Մոսկվայի միջև դեպի իրենց գրավելու և սեփական ուղեծրում կամ պայմանավորվածությունների դաշտում պահելու ՀՀ իշխանություններին: Նաև նկատելի է, որ ինչ-որ առումով ՀՀ իշխանություններն էլ սկսել են անհաջող սակարկություններ անել: Եվ բացառել չի կարելի, որ Սերժ Սարգսյանը փորձում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կապել մի քանի խնդիրների լուծման հետ, որոնք նա անզոր է եղել լուծել այս տարիների ընթացքում: Խոսքը առաջին հերթին, անշուշտ, վերաբերում է Հայաստանի շրջափակման վերացմանը կամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը: Երկու խնդրով էլ, ըստ էության, Ս. Սարգսյանն ավելի շատ տուժել է իր հեղինակության, խոսքի ու գործի անտարբերության առումով: Հետևաբար միգուցե փորձում է այդ խնդիրները ներդնել ինտեգրման այդ գործընթացների մեջ, բայց չեմ կարծում, որ դա որևէ օգուտ տա:
- Արդյոք վտանգի տա՞կ է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացը: Չէ՞ որ Ռուսաստանը վերջին շրջանում, ինչպես տեսնում եք, բավականին ակտիվորեն միջամտում է այդ գործընթացին ու Հայաստանի վրա տարբեր ճնշումներ է գործադրում:
- Իհարկե, հասկանալի է, որ այս քաղաքական գործընթացները միտված են նոյեմբերին ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի պայմանագրերին: Եվ ակնհայտ է, որ նոյեմբերին Վիլնյուսում ստորագրվելիք այդ գործընթացներին ընդառաջ ռուսական կողմը տարատեսակ գրգիռներ է ուղարկում դեպի Հայաստան: Ամեն ինչ փողկապակցված է, անգամ այս օֆշորային պատմությունը սերտորեն կապված է այդ ամենի հետ: Եվ երկու կողմերը՝ թե Բրյուսելը, թե Մոսկվան փորձում են ստեղծված իրավիճակից օգուտներ քաղել:
- Օֆշորային պատմությունն ի՞նչ կապ ունի այդ գործընթացների հետ:
- Օֆշորային գործընթացն այնքան կապ ունի, որ փաստացի այս գործում Տիգրան Սարգսյանը ուղղակի պատանդ է բոլորի մոտ: Եվ իրեն վատ պահելու դեպքում, այսինքն` սպասելիքները չարդարացնելու դեպքում ուղղակի կարող են շատ ավելի քայլերի գնալ:
- Իսկ այդ պատմությունն ո՞ւմ կողմից հրապարակ նետվեց` Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի:
- Երկու կողմին էլ ձեռնտու է: Որ կողմին էլ չբավարարի Տիգրան Սարգսյանի վարքագիծը, բնականաբար այդ կողմը կարող է թեժացնել իրավիճակը:
- Իսկ ձեր կարծիքով` ի՞նչ ավարտ կունենա Ասոցացման համաձայնագրի գործընթացը: ՀՀ իշխանությունները այսքանից հետո կհամարձակվե՞ն չստորագրել կամ ինչ-որ պատճառ գտնելով՝ հրաժարվել այդ ծրագրից: Չէ՞ որ Ռուսաստանը կարող է այնպես սաստկացնել ճնշումները, որ Հայաստանը չկարողանա դիմակայել:
- Ես կարծում եմ, որ Հայաստանն անպայման կնախաստորագրի:
- Ինչո՞ւ եք այդպես կարծում:
- Որովհետև կարծում եմ, որ այդ խաղից Հայաստանի դուրս գալը պարզապես չի կարող հեշտ լինել:
- Այսինքն:
- Կպատժեն: Ինչ է նշանակում՝ տարիներ շարունակ բանակցում են Եվրամիության հետ, ժամանակ են վատնում, պարտավորություններ են ստեղծվում, որ չնախաստորագրե՞ն: Անհնար է դա:
- Իսկ այդ դեպքում Ռուսաստանի հետ ինչպե՞ս պետք է համաձայնության գան:
- ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների դաշտն ավելի մեծ է, քան՝ Եվրամիության հետ:



