Վերջին օրերին մամուլում եւ քաղաքական դաշտում արծարծվող հայտնի օֆշորային սկանդալին այսօր կառավարության նիստում անդրադարձել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում` փորձելով վարկաբեկել»,- հարցի վերաբերյալ ասել է վարչապետը, նաեւ հավելելով, որ արդեն հանձնարարել է կառավարության լրատվական ծառայությանը այս հարցի շուրջ ամբողջական տեղեկատվությունը հասանելի դարձնել լրագրողների համար:
«Վստահ եմ, որ որեւէ անպատասխան հարց չի մնալու, եւ եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ, ապա կարող են թացը չորից զանազանել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հիշեցրել է, որ հարուցվել է քրեական գործ, եւ իրավապահները եւս զբաղվում են այդ հարցով:
Հիշեցնենք, սկանդալը սկսվել էր hetq.am-ի հրապրակումից հետո, որտեղ ասվում էր, որ Կիպրոսում գրանցված «Rinoville Property Limited» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ի դեպ, Կճոյանը մամուլի միջոցով եւս արդեն հերքել է իր առնչությունն այս ընկերությանը: