Առավոտյան պատրաստվում էի սափրվել: Փրփուրը քսեցի երեսիս և սկսեցի ածելիով հեռացնել երեսիս վրա գոյացած մազերը, երբ ջուրը կտրվեց: Պատուհանից տեսա, որ մեր շենքի ցայտաղբյուրի մոտ փոքրիկ հերթ է գոյացել: Որոշեցի զանգել «Երևան-Ջուր» ընկերություն (1-85): Այն հարցից հետո, թե ինչու Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցի այսինչ հասցեում ջուր չկա, օպերատորը պատասխանեց, որ կատարվելիք վերանորոգման աշխատանքների հետ կապված այսօր՝ ժամը 10:00-18:00, ջրամատակարարումը տվյալ հասցեում դադարեցվելու է: Հարցրեցի, թե ինչո՞ւ այդ մասին մեր տանը ոչ ոք տեղյակ չէ: Նա պատասխանեց, որ իրենց կայքում հայտարարությունը տեղադրված է, բացի դա էլ, իրենք բոլոր բնակիչներին հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել են: Կարծեցի, թե մենակ մեր բախտը չի բերել, քանի որ մեր հեռախոսահամարը իրենց բազայում չի եղել: Երբ իջա խանութ՝ ջուր գնելու, տեսա, որ բակում էլ ավելի շատ մարդ է հավաքվել՝ ջուր հայթայթելու նպատակով: Հարցուփորձից պարզ դարձավ, որ նրանք ևս տեղյակ չեն եղել սպասվելիք ջրամատակարարման դադարման մասին: Փաստորեն ստացվում է, որ ամեն օր պետք է այցելենք նրանց կայք, որպեսզի տեղյակ լինենք, թե հաջորդ առավոտ սափրվելուց մեզ ինչ անակնկալներ են սպասվում: Հուսանք, որ հանրային ծառայությունները կարգավորող մարմինները կբացահայտեն, թե ինչու ՀԱԹ Բաբաջանյան 71 շենքի ավելի քան 10 բնակիչներ տեղյակ չեն եղել սպասվող «անակնկալի» մասին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor1989/posts/593835177305092
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել