Տարին ինչպես սկսես, այնպես էլ այն կընթանա: Իսկապես:

Նիկոլ Փաշինյանը հունվարի 1-ին գրառում էր կատարել (նկար 1), ըստ որի՝ 2018 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների ու ժամանածների սահմանահատումների տարբերությունը կազմել էր պլյուս 20 713 մարդ: «Սահմանահատում» տերմինի ու բերվող «վիճակագրության» Փաշինյանի քողարկած ակնարկն այն էր, որ մարդիկ մտածեն, որ արտագաղթը մեր երկրից դադարել է, և կա հակառակ գործընթացը` ներգաղթ, էն էլ, ոչ ավել, ոչ պակաս, 20713 մարդ՝ մեկ տարում:

Հիմա երեկ նույն Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով ներկայացրել է նոր վիճակագրություն (նկար 2), որտեղ նշված է, որ 2018 թ. առաջին կիսամյակի սահմանատումների սալդոն եղել է բացասական և կազմել է մինուս 6110 մարդ: Մինչ կառավարությունը, վիճակագիրներն ու լրագրողները գլուխ կհանեն էս ինքնահերքում-գլուխկոտրուկից, մանավանդ որ անգամ պաշտոնական վիճակագրությամբ 2018 թ. սահմանահատումների իրական հաշվեկշիռը բացասական է` մինուս 4588 մարդ, երբ խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց (նկար 3), փաստենք իրականությունը։

Իրականությունն այն է, որ երկրի ժողովրդագրական վիճակն ու միտումները գնահատելու համար սահմանահատումները չէ, որ առաջնային են, առաջնայինը երկրի մշտական բնակչության, իսկ ավելի առաջնայինը ՀՀ քաղաքացիների թիվն է: Իսկ այդ պատկերը հետևյալն է. 2018 թ.՝ համազգային լավատեսության ամենապիկ տարում, ցավոք սրտի, Հայաստանի մշտական բնակչությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է 18 500-ով, այսինքն՝ այդքան մարդ արտագաղթել է Հայաստանից (նկար 4): Ու միայն 10 900 բնական աճի դրական պատկերի շնորհիվ է, որ նախորդ տարի մեր երկրի մշտական բնակչությունը նվազել է ընդամենը 7 600-ով:

Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ հախուռն ու իրարամերժ վիճակագրությունից մի բան է ստացվում՝ փոխվում է մեր բնակչության էթնիկ կազմը. ՀՀ քաղաքացի հայերը հեռանում են Հայաստանից, իսկ Հայաստանի փաստական բնակչությունը մեծանում է ՀՀ քաղաքացի չհանդիսացող օտարերկրացիների հաշվին, որոնք, «պարզվում է», որ առաջին անհրաժեշտության ապրանքներ էլ չեն սպառում, որովհետև այդ ապրանքների սպառումը 2018 թ. համամասնորեն 1.32% չի աճել, ինչպես Փաշինյանի ներկայացրած վիճակագրությունն է ենթադրում։

Սխալ է ասված, թե կա սուտ, կա մեծ սուտ և կա վիճակագրություն: Էդ ամենից բարձր էլ բան կա` god level մանիպուլյացիա: Ու սա դեռ ամենը չէ... Տարվա ավարտին դեռ 5 ամիս էլ կա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել