Ռուսաստանյան ինստիտուտներից մեկի կողմից ներկայացված վիճակագրությունը, համաձայն որի՝ 2019 թ. միայն առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտների թիվը կազմել է 12 800 մարդ (ինչը 2.5 անգամ ավելի մեծ է 2018 թ. համանման ցուցանիշներից), կրկին սրել է քննարկումները մեր ամենամեծ ցավի` Հայաստանի նվազող բնակչության մասին:
Ժողովրդագրությանը կամ, ավելի ստույգ, միգրացիային վերաբերող վիճակագրական տվյալները մեզ մոտ տասնամյակներով ծառայել են որպես քաղաքական մանիպուլյացիայի ամենաազդեցիկ առարկա. խորհրդարանում աղիողորմ գոռում ես, որ Հայաստանը դատարկվում է, և էդ լացի ու աղմուկի մեջ կորում են հա՛մ միգրացիայի ու ժողովրդագրության ցուցանիշները ծնող իրական բազմաշերտ պատճառները և հարցի լուծման լրջությունն ու բարդությունը, հա՛մ էլ էն գլխից մեկ նախադասությամբ նշանակում ես էդ ցավի մեղավորներին` օրվա թալանչի իշխանությանը` հարյուրավոր գործոններ վերհանելու բարդությունը ջրին տալով:
Հիմա պարզվեց, որ անգամ 2018 թ., որը, համաձայնվենք, հանրային դրական սպասումների առումով աննախադեպ էր, միգրացիայի բացասական սալդոն մեր երկրում կազմել է 18 500 մարդ: Սա պաշտոնական վիճակագրություն է: Այսինքն՝ Հայաստանից նախորդ տարի այդքան մարդ ավելի շատ արտագաղթել է, քան տեղափոխվել են Հայաստան` մշտական բնակության: Հայաստանի բնակչության ընդհանուր թիվն էլ նախորդ` 2018 թ. նվազել է ընդամենը 7 600-ով, որովհետև նախորդ տարի մեր երկրում ծնվել է 10 900-ով ավելի շատ երեխա, քան գրանցված մահերն են (բնական աճի նվազման միտումներն էլ առանձին քննարկման լրջագույն թեմա են):
Էս համատեքստում անպատասխանատու ցինիզմի է նմանվում գործող կառավարության կողմից նախորդ տարի հրապարակ նետված վիճակագրական մանիպուլյացիան, որը վերաբերում էր սահմանահատումներին․ 2018 թ. դեպի Հայաստան սահմանահատումների թիվը 20 713-ով ավելի շատ է եղել, քան Հայաստանից գրանցված սահմանահատումների թիվը (Հայաստան եկած հնդիկների, ֆիլիպինցիների հաշվին և այլ մանիպուլյացիաներով այս կերպ կառավարությունը փորձում էր ծածկել այն ցավալի միտումը, որ Հայաստանից արտագաղթը, ցավոք, շարունակվում է, և որ նախորդ` «հեղափոխական» տարում 18500 Հայաստանի քաղաքացի է արտագաղթել Հայաստանից):
Հիմա էլ կառավարության նույն ձեռագիրն է նկատվում Ռուսաստան մեկնած հայ աշխատանքային միգրանտների վիճակագրության առնչությամբ: Եթե անգամ, մեծ պայմանականությամբ, քաղաքական ընդդիմությանը թույլատրելի է մեր ամենամեծ ցավը դարձնել քաղաքական շահարկման առարկա, մի բան, որ այսօր, բարեբախտաբար, սրությամբ չկա, ապա կառավարության պարագայում նման մտահոգիչ միտումները կոծկելն ու քողարկելը, այն չտեսնելու տալը հա՛մ անլուրջ է, հա՛մ անպատասխանատու:
Փաստը, ցավալիորեն, մնում է այն, որ Հայաստանից մարդիկ այսօր էլ շարունակում են արտագաղթել, իսկ այդքան գովազդված ներգաղթը կամ հայրենադարձությունն այդպես էլ չկայացավ համազգային լավատեսության անգամ ամենաբարձր պիկին: Խորհրդանշորեն, անգամ Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հայրենիքում բնակարաններ չգնեցին՝ չնայած ամենաբարձր մակարդակով բազմիցս հնչած խնդրանքներին:
Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ առավել լրջմիտ ու պատասխանատու կառավարությունը ժողովրդագրական հարցը կհռչակի մեր երկրի N1 միջնաժամկետ առաջնահերթություն ու իր աշխատանքի գնահատման առաջնային ու միակ բնական չափանիշ: Սա այն հարցն է, որը շատ ավելի բարձր ու նշանակալի է, քան ընթացիկ քաղաքականությունը, դրա հերոսներն ու հակահերոսները:
Տեսանելի հեռանկարում Հայաստանին անհրաժեշտ է գոնե 4-5 միլիոն բնակչություն, և այս հարցը պետք է լուծվի ամեն գնով: Լուծում ենք այս հարցը` հասուն ժողովուրդ ենք և արևի տակ մեր տեղն ու մեր պետությունն ունենալու իրավունքը վերահաստատում ենք: Աստված մի արասցե, շարունակում ենք անլրջությունն ու թեթևամտությունը՝ արդեն պատմությունը միջնաժամկետ հեռանկարում իր օրենքները կթելադրի...