Instagram-ի հեղինակավոր բլոգերները (այսպես կոչված՝ ինֆլյուենսերները) ստանում են ավելի քիչ «լայքեր» և մեկնաբանություններ իրենց կողմից հովանավորվող գրություններին: 2019-ի առաջին չորս ամիսներին ներգրավվածության ցուցանիշը նվազել է մինչև 2,4%, չնայած 3 տարի առաջ նույն ժամանակամիջոցում այն կազմում էր 4%: Միաժամանակ լսարանի ընդհանուր ներգրավվածությունը սովորական գրությունների նկատմամբ անցյալ տարվա 4,5%-ից այս տարի նվազել է մինչև 1,9%: Հարցումն անցկացվել է InfluencerDB վերլուծական ընկերության կողմից՝ ավելի քան 700 հայտնի բլոգերների շրջանում: Ներգրավվածության աստիճանը հաշվարկվել է գրությունների նկատմամբ արձագանքի և բաժանորդների թվի հարաբերակցությամբ:

Հետազոտողները օգտատերերի հետաքրքրության անկումը սովորական գրությունների նկատմամբ կապում են այն բանի հետ, որ սոցցանցում շատացել են գովազդները: Ճանապարհորդությունների մասին գրող և ավանդաբար ներգրավվածության մեծ վարկանիշ ունեցող բլոգերների մոտ անկումը եղել է ամենից շատ՝ 8%-ից 4,5%: Ամենից շատ սոցցանցերում այն ինֆլյուենսերների ապրանքն է առաջխաղացում ունենում, որոնց բլոգները նվիրված են նորաձևությանը (25%), ուտելիքին (12%) և գեղեցկությանը (7%):

Հետաքրքիր է այն, որ, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ինֆլյուենսերը որքան քիչ լսարան ունի, այնքան շատ և հաճախ են պատրաստ նրանց երկրպագուները մեկնաբանել կամ «լայքել» գրառումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել