Փողոց փակելն անմարդկային, հակապետական հանցագործություն է, որն արմատավորվեց հասարակության մեջ որպես գործելակերպ ներկա իշխանությունների թեթև ձեռքով՝ նախկին իշխանությունների բացահայտ թողտվությամբ։ Սակայն ներկա իշխանությունները պարզապես չունեն բարոյական իրավունք՝ մեղադրելու փողոց փակողներին, քանի որ իրենք են եղել նախադեպը։ Եթե իշխանությունները նախկինում, հարստանալու մոլուցքով տարված, կարող էին փողոցներ փակել, ապա մարդիկ ինչո՞ւ չեն կարող նման եղանակով պաշտպանել իրենց եկամտի աղբյուրները, մանավանդ որ իշխանությունների նպատակն ընդամենն այդ շահութաբեր բիզնեսն իրենցով անելն է։ Վերջապես, գրեթե բոլորը, ովքեր «քայլել» են, հենց էդ նպատակով են օգնել ներկա իշխանություններին՝ համոզված լինելով, որ ներկաների իշխանության գալու դեպքում իրենք ավելի հանգիստ կզբաղվեն իրենց անօրինական բիզնեսներով։ Սա «պետական» ճգնաժամ է, որն ուղղորդվում է դրսից, և ներկաները հաճույքով ուղղորդվում են՝ ավելացնելով պետության պարտքը։
Պետական և քաղաքական գործունեություն ծավալելու համար մարդ պետք է ունենա «բարոյականության» որոշակի պաշար, որից, սակայն, ցավալիորեն զուրկ են ներկա իշխանությունները։ Առանց այդ բարոյականության ոչ մի պետություն չի կարող գոյատևել։ Իսկ այն հույսը, թե հասարակությունը, որը մինչ այժմ առաջնորդվել է չարությամբ ու ատելությամբ, կընտրի արժանավորին, ավելի ողբերգական է դարձնում ներկա իրավիճակը, քանզի հասարակությունը տրոհված է աղանդների, կուսակցությունների, գրանտակերների, որոնք ընդամենը կամակատարներ են։ Փակուղի՞ է, բայց իրականություն է, որը հաջողությամբ քողարկվել և քողարկվում է բոլոր իշխանությունների կողմից՝ հասարակությանը ոգևորելու և ընտրություններում հաղթելու նպատակով։ Սա է մեր հասարակության քաղաքական «ամպլիտուդը»՝ իշխանություն և փող, որն իր «կարևորությամբ» ստվերել է ցանկացած միտք կամ դրսևորում՝ կապված պետություն, հայրենիք, ընտանիք, հարգանք․․․ անհետացող երևույթների հետ։ Պետության ճգնաժամը նոր երևույթ չէ մեր պատմության մեջ։ Այն եղել է միշտ, և դրա միակ պատճառը միջակությունների հաղթարշավն է բոլոր դարերում, ուստի ցանկացած հասարակության գերխնդիրը կադրերն են։ Պետությունը չունի այլ խնդիր, քանզի հաջողված կադրերը հաջողությամբ կլուծեն բոլոր խնդիրները։