Թուրքական քարոզչամեքենան կրկին շրջանառության մեջ է դրել իբրև Սիրիայի հյուսիս-արևելյան քրդաբնակ շրջաններում ձևավորված «Հայկական գումարտակի» արհեստածին թեման:
Ինչպես այս խնդրի շրջանառման սկզբնական փուլում էր կանխատեսվում, թեման առնվազն քարոզչական հարթությունում նոր երանգավորումներ է ստանում: Քրդական ոչ բարեկամական շրջանակների կողմից սեփական քաղաքական և քարոզչական նեղ շահերի համար շահարկված հարցին թուրքական քարոզչամեքենան արդեն փորձում է մասնակից դարձնել նաև ՀՀ-ին՝ իբրև գումարտակին ցուցաբերվող աջակցության մասին կեղծ լուրերով:
Հերթական անգամ ցանկանում եմ ընդգծել, հիմք ընդունելով նաև Սիրիայի ալ-Հասաքա նահանգից, Կամիշլի քաղաքից (այս շրջանում է իբրև ձևավորվել «գումարտակը») ստացված հավաստի տեղեկատվությունը, որ սիրիահայ համայնքի հետ առնչություն ունեցող որևէ ռազմական կառույց չկա և ներկա պայմաններում չի էլ կարող լինել, քանի որ պարզապես չկա դրա անհրաժեշտությունը:
Սիրիահայ համայնքի անվտանգությունը երաշխավորված է բազմաշերտ մակարդակում, հետևաբար, սեփական նախաձեռնությամբ անվտանգության խնդիր լուծելու օրակարգը միայն ոչ բարեկամական շրջանակների արհեստածին քարոզչության հետևանք է: