Ըստ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի կանոնադրության՝ կառուցվածքային ստորաբաժանումներ լուծարելն այնքան էլ հեշտ գործընթաց չէ, և պահանջում է ԵՊՀ կառավարման բոլոր մարմինների՝ ռեկտորի, գիտական խորհրդի և հոգաբարձուների խորհրդի հավանությունը, մինչդեռ այդ պահանջներընանտեսվում են Հոգաբարձուների խորհրդի կողմից։ Ստորև՝ առավել հանգամանալից։

ԵՊՀ կանոնադրության 49-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանում է.

«Գիտական խորհուրդը ռեկտորի ներկայացմամբ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ»։

Կանոնադրության 56-րդ կետի 7-րդ ենթակետը սահմանում է․

«ԵՊՀ-ի ռեկտորը ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր»։

Մեջբերվածից ուղղակիորեն բխում է, որ ստորաբաժանումներ լուծարելու վերաբերյալ առաջարկությունը ՀԽ-ին ներկայացնում է Գիտական խորհուրդը, իսկ համապատասխան նախագիծը՝ ռեկտորը։ Ստորաբաժանումների լուծարման այլ կարգ կանոնադրությունը չի սահմանում։

Անտեսելով կանոնադրությունը՝ սույն թվականի հուլիսի 20-ին հարցման կարգով հրավիրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում առանց գիտական խորհրդի առաջարկության և ռեկտորի ներկայացման ներառվել է հետևյալ հարցը՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի «Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանման լուծարում:

Միայն մեջբերված դրույթներից էլ ակնհայտ է գործընթացի ապօրինությունը, իսկ եթե հավելենք նաև այն հանգամանքը, որ Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստում մերժվել է նշված կենտրոնի լուծարման վերաբերյալ հարցը, ապա Հոգաբարձուների խորհրդի կողմից իրավունքի և իրավականության նկատմամբ մերժողական վերաբերմունքի պատկերն առավել ամբողջական կդառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել