Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե ուժեղ Ադրբեջանը կարող է թույլ Հայաստանի հետ խոսել ցանկացած լեզվով, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով, որ «Չի լինում այնպես, որ Ադրբեջանի բանակը Բաքվում՝ «պառադի» ժամանակ շատ հզոր լինի, իսկ առաջնագծում չկարողանա հայկական կողմին թելադրել»: 

Tert.am –ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակը մեկնաբանեց Սեյրան Օհանյանի խոսքերը ասելով՝«Իսկ եթե առաջնագծում չի կարողանում թելադրել, ուրեմն՝ Բաքվում էլ հզոր չէ»: Այլ խոսքով ասած՝ այդ հզորությունը ուղղակի փուչիկ է:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն այսօր ռազմական շքերթի ժամանակ նաև ասել էր, որ «պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա առաջին փուլը»,ինչին հետևել էր մանրամասն նկարագրություն, թե քանի միավոր տեխնիկա ունի Ադրբեջանը, որքանն է արտադրվում այդ երկրում, որքանը ՝գնվում և այլն:

«Մենք նման հայտարարություններ ամեն տարի լսում ենք: Ըստ էության, դա իրավիճակը չի փոխում. Ադրբեջանի զինված ուժերը ոչ այսօր, ոչ էլ վաղը հայկական զինուժի նկատմամբ ոչ մի առավելություն չունեն: Էդ բարձրագոչ հայտարարությունները իրականության հետ ոչ մի կապ չունեն»,- ասաց ՊՆ խոսնակը:

Tert.am –ի հետ զրույցում ԱԺ «ժառանգություն» խմբակցության անդամ, նախկինում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն էլ նույն թեմայով ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է «մաչոյի» լեզվով՝ նշելով, որ ուժեղ Ադրբեջանը կարող է թույլ Հայաստանի հետ խոսել ցանկացած լեզվով:

«Քաղաքականության մեջ չկա գաղափար, որ մենք կարող են խոսել ցանկացած լեզվով: Ո՞րն է այդ լեզուն, որ Ալիևը պետք է խոսի, նա նկատի ունի՝ ադրբեջաներե՞ն, հայերե՞ն, ռուսերե՞ն, անգլերե՞ն, թե նկատի ունի ի՞նչ բառապաշար կօգտագործի: Ավելի շուտ ուզում է ցուցադրել, որ տարածաշրջանում ունի մեծ ռեսուրսներ, շատ հզոր մարդ է, չգիտեմ ինչ է, ինչ է»,– ասաց նա: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել էր, թե տարածաշրջանում կայունություն ապահովելու համար առայժմ ընտրում են խնդրի լուծման քաղաքական ուղին, բայցև ավելացրել՝ «Սակայն գաղտնիք չէ, որ օրեցօր Ադրբեջանը դառնում է ավելի ուժեղ, իսկ Հայաստանը թուլանում է: Մենք ցանկացած տեսանկյունից մի քանի անգամ գերազանցում ենք մեր թշնամիներին, որոշ ուղղություններով՝ նույնիսկ ավելի քան 10 անգամ»:

Թևան Պողոսյանը «մաչոյական հայտարարությունների» դաշտից է համարում նաև Իլհամ Ալիևի ՝ ռազմական շքերթի ժամանակ հնչեցրածը, որ «պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա առաջին փուլը»:

«Ալիևի համար այսօրվա դրությամբ այդ նավթային գումարները բերել են մի իրավիճակի, որ մի կողմից գլուխը կորցրած՝ ասում է՝«այո, եկե՛ք խաղաղ ճանապարհով լուծենք հարցը, բայց մյուս կողմից փորձում է միշտ պահել խնդիրը, որ ինքը ունի շատ գումար, որով էլ հետո կփորձի ռազմական միջոցներով լուծել ղարաբաղյան հարցը»,- նկատեց Թևան Պողոսյանը՝ ուշադրոթյուն դարձնելով այն հանգամանքին, որ մեկ անգամ չէ, որ Ալիևը նման բան է հայտարարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել