Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցները չեն կարծում, թե Թեհրանի խախտումները համաձայնագրի էական չպահպանում է, և մտադիր չեն վեճի կարգավորման մեխանիզմ թողարկել: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Reuters-ը:

«Այս պահի դրությամբ համաձայնագրի մասնակիցներից որևէ մեկը չի հայտնել այդ հոդվածը գործի դնելու մտադրության մասին, ինչը նշանակում է, որ տվյալ պահին որևէ մեկը դա համաձայնագրի էական չպահպանում չի համարում»,- ասել է նա:

Նշենք, որ այդ մեխանիզմը ենթադրում է, որ միջուկային համաձայնությունների խախտումները պետք է վերացվեն դրա ակտիվացումից 65 օրվա ընթացքում:

Դրանից հետո խնդիրը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ պատժամիջոցների հնարավոր վերսկսման համար:

Մոգերինին նշել է, որ INSTEX ֆինանսական հատուկ մեխանիզմը բաց է այն երկրների համար, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մեջ:
«Այն բաց է երրորդ երկրների համար»,- ասել է նա:

Բացի այդ, Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ը մտադիր է այդ մեխանիզմն առավել օպերատիվ և ֆունկցիոնալ դարձնել: Խոսելով միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակի մասին՝ Մոգերինին նշել է, որ համաձայնագրի այլընտրանք այսօր չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել